2020 թ. «Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» տիտղոսը միանգամից երկու գեղեցիկ քաղաքի է շնորհվել


19:15 , 22 հունվար, 2020

2020 թ. Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոսն անցել է միանգամից ծովային երկու քաղաքի՝ Խորվաթիայի Ռիեկա և Իռլանդիայի Գոլվեյ քաղաքներին։ Երկու քաղաքում էլ պաշտոնական տոնակատարությունները կանցկացվեն փետրվարի սկզբին։

Ողջ 2020-ի ընթացքում Ռիեկայում և Գոլվեյում մշակութային միջոցառումներ կանցկացվեն, որոնք մեծ նշանակություն կունենան բնակիչների համար և նոր զբոսաշրջիկների կհրավիրեն։

Ռիեկան առաջին քաղաքն է Խորվաթիայում, ոը ստացել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի տիտղոս։ Այն գտնվում է Ադրիատիկ ծովի ափին։ Վաղ ժամանակներից եղել է առևտրային կենտրոն և միավորել է տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչների։

Ռիեկայի կարգախոսը՝ որպես մշակութային մայրաքաղաք, հետևյալն է՝ «Բազմազանության նավահանգիստ»։ Բազմաթիվ շքերթերն ու միջոցառումները, որոնք պլանավորված են այս տարվա համար, կնվիրվեն Ռիեկային վերաբերող գլխավոր թեմաներից մեկին՝ ջրին, աշխատանքին կամ միգրացիային։

Միգրացիայի թեման վերաբերելի է նաև Գոլվեյ քաղաքին, որը նավահանգստային քաղաք է Իռլանդիայի արևմուտքում։ Չնայած որ այն գտնվում է Եվրոպայի ծայրամասում, բնակչության 25%-ը իռլանդացիներ չեն։

Գոլվեյի մյուս երկու թեմաներն են լեզուն և լանդշաֆտը։

Գոլվեյի մշակութային ծրագիրը կազմվել էր չորս գլխավոր կելտական տոների հիման վրա՝ փետրվարյան Իմբլոկ, Բելտեյնա, Լունգսադա և Սամայա։

Մշակութային այս մայրաքաղաքի կարգախոսը հետևյալն է՝ «Ներս թող կախարդանքը»։ Սա Իռլանդիայի երրորդ քաղաքն է, որը դարձավ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Նախկինում այս տիտղոսը կրել են նաև Դուբլինը և Կորկը։

Եվրոպական քաղաքները նման տիտղոսի արժանանում են 1985 թվականից ի վեր։ 2000 թ. տիտղոսը շնորհվեց միանգամից ինը քաղաքի, սիկ 2001-ին ժյուրին սկսեց տարեկան ընտրել միայն երկուսը։

Նման տիտղոսի արժանանալու համար քաղաքը պետք է ամբողջ տարվա ընթացքում մշակութային հետաքրքիր կյանք ապահովի։ Նախորդ տարի՝ 2019-ին, Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներն էին բուլղարական Պլովդիվն ու իտալական Մատերան։