«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունները ոտնձգություն են բանկային համակարգի անկախության նկատմամբ


14:55 , 22 հունվար, 2020

Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Այսպիսով՝ այսուհետ ընտրողական վերաբերմունքի ականատես կլինենք նաև «բանկային գաղտնիք» երևույթի նկատմամբ: Կուզեն՝ կպահպանեն մարդու ֆինանսական տեղեկատվության գաղտնիության իրավունքը, չեն ուզի՝ չեն պահպանի. այսուհետ օրենքն է այդպես ասում:

Նշվում է ֆինանսական կամ կոռուպցիոն բնույթի հանցագործություններում փոխկապակցված անձանց խնդիրը: Հաշվի առնելով մեր երկրում ներկայումս իշխանությանը դուր չեկող անձանց հորեղբորորդու սանիկի հարևանի դասընկերոջ նկատմամբ հետապնդումների մշակույթը՝ կարելի է ենթադրել, որ շատերի բանկային տվյալները շուտով կլինեն հասանելի:

Այս օրենքը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն բանկային համակարգի անկախության նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քաղաքական շահերի բավարարման նպատակով ոլորտում իշխանության վերահսկողության ու գործողությունների ընդլայնմանը սպասարկող գործիք, ընդ որում՝ արդեն շարունակական գործիք, որն անպայման աշխատելու է նաև հաջորդիվ եկող իշխանությունների ձեռքերում:

Տնտեսական հետևանքներին ականատես կլինենք ոչ շատ ուշ. բանկերից, ինչը նույնն է, թե՝ երկրից, կապիտալի արտահոսքը կլինի առաջնայիններից մեկը:

Ներդրումային դաշտի վրա բացասական ազդեցությանը երևի ավելորդ է անդրադառնալը: