Ինչո՞ւ հենց Զոհրաբ Մնացականյանը


13:35 , 22 հունվար, 2020

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր վարչապետի ամենաբարդ նշանակումներից մեկը պետք է դառնար արտաքին գործերի նախարարի նշանակումը:

Ավարտին էր մոտեցել Էդուարդ Նալբանդյանի նախարարության տասնամյա նավարկությունը, նոր Հայաստանին նոր նախարար էր անհրաժեշտ: Թեկնածուները շատ էին: Արժանի, անարժան, ինքնակոչ, ինքնաառաջադրված և շրջանառության մեջ դրված անունների պակաս չկար:

Ալեքսանդր Արզումանյան, Ռուբեն Շուգարյան, Արմեն Բայբուրդյան, Ռուբեն Ռուբինյան, Արման Կիրակոսյան, մշտապես «ինքնաշրջանառվող» Թաթուլ Մարգարյան, Արսեն Խառատյան և այլք․ ընտրությունը բավականին բարդ էր, և որոշում կայացնելու համար վարչապետ Փաշինյանն առավելապես առաջնորդվեց բացառման սկզբունքով, ինչպես նաև քաղաքական թիմի դրվատանքներով:

Ի սկզբանե բացառվեցին Շուգարյանը, Բայբուրդյանն ու Խառատյանը, քանի որ ԱՄՆ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ունեին, ավելին՝ Խառատյանի կինը ԱՄՆ Պետդեպի աշխատակից էր և Վրաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյա էր: Այս իրողությունը, բնականաբար, կարող էր սխալ ընկալվել Մոսկվայում և Թեհրանում: Բացառվեց նաև երջանկահիշատակ Կիրակոսյանի թեկնածությունը, ով այդ ժամանակ արդեն իսկ առողջական խնդիրներ ուներ: Բացառվեցին նաև Մարգարյանն (նախկին էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եղբայրը) ու Արզումանյանը, քանի որ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված էին: Արզումանյանը փոխկապակցված էր նախ՝ առաջին նախագահի քաղաքական թիմի հետ, իսկ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեսպան էր նշանակվել 2017 թվականին: Բացառվեց նաև Ռուբինյանը` «մաքսիմում տեղակալ ձգի» հիմնավորմամբ:

Վերջապես ընտրությունը կանգ առավ հենց Մնացականյանի վրա՝ հաշվի առնելով նաև մի շարք այլ գործոններ:

Մնացականյանը տիրապետում էր ֆրանսերենին, իսկ ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող իշխանության համար սա կենսական նախապայման էր, քանի որ բարձր էշելոններում ֆրանսախոս չկար:

Մնացականյանը նախարարությունում վաստակել էր հաջող բանակցողի համբավ, մանավանդ 2012թ. ՀՀ-ԵՄ և 2007թ. ՀՀ-Թուրքիա բանակցություններում (Ա. Կիրակոսյանի ընդհանուր ղեկավարմամբ) իր ներգրավվածության համար:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մնացականյանը, կարծես, ընդունելի կերպար էր բոլորի համար: Նույնիսկ «չհավան» Նալբանդյանի համար, ով իր նոր աշխատասենյակի կահույքի մի մասը վստահել էր Մնացականյանի միջոցով Երևան առաքելուն: Սերժ Սարգսյանը չնայած որոշակի վերապահումներ ուներ Մնացականյանի վերաբերյալ՝ կապված նրա բաց դժգոհության հետ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցում, սակայն կարծում էր, որ նա կարող է լավ ներկայացնել Հայաստանը ՄԱԿ-ում, քանի որ «փորձառու է և լեզուներ գիտի»: Ի դեպ, Մնացականյանն իր կարիերան սկսել էր հենց ԱԳՆ-ում և բավականին լավ հարաբերություններ ուներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ․ վերջինիս հետ աշխատել էր թե՛ Սարգսյանի վարչապետության և թե՛ Մեծ Բրիտանիայում դեսպան աշխատելու տարիներին: Սակայն, ի հեճուկս այս փաստի, Արմեն Սարգսյանի գործոնն այս նշանակման հարցում մինիմալիզացված էր:

Հենց վերոնշյալ գործոնները հաշվի առնելով՝ Նյու Յորքում գտնվող Զոհրաբ Մնացականյանը 2018թ. մայիսի 10-ին հեռախոսազանգ ստացավ Նիկոլ Փաշինյանից` առաջարկությամբ՝ նշանակվելու ՀՀ 6-րդ արտաքին գործերի նախարար: