Այս կղզում փնտրում են երկու հոգու, որոնք անվճար կբնակվեն այնտեղ և սրճարան կղեկավարեն


19:00 , 21 հունվար, 2020

Մարդիկ սկսել են նախընտրել արտասովոր կենսակերպը. նրանք չեն ցանկանում ապրել ինչպես բոլորը։

Եթե Դուք ևս այդպիսի մարդկանց շարքին եք դասվում, ապա Իռլանդիան կարող է երազանքների վայր դառնալ Ձեզ համար։

Գրեյթ Բլասքիթ կղզին, որը գտնվում է Իռլանդիայում, փնտրում է երկու անձի՝ այնտեղ տեղափոխվելու և աշխատելու վեց ամիս շարունակ՝ 2020-ի ապրիլից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում։ Կղզու տուրիստական կենտրոնը աշխատանքի մասին հայտնել է նախորդ շաբաթ Թվիթերում։

«Յուրօրինակ աշխատանքի հնարավորություն կա. փնտրում ենք մարդկանց, որոնք կբնակվեն կղզում և սրճարան կղեկավարեն։ Այդ մարդիկ կարող են լինել զույգ կամ երկու ընկեր։ Ժամանակահատվածը՝ 2020 թ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբեր։ Բնակեցումն ու սնունդն ապահովվում են»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ։

Դրանում խոսք չի գնում աշխատավարձի մասին։

Գրեյթ Բլասքիթ կղզին Բլասքիթներ կոչվում կղզախմբում ամենախոշորն է և գտնվում է իռլանդական ցամաքի արևմուտքում։

Կղզին հայտնի է իր վայրի բնությամբ, սակայն ճանապարհները դժվարանցանելի են, այդ իսկ պատճառով շատ մարդ չի կարողանում այնտեղ բնակվել։ Երբևէ կղզում ամենաշատ բնակչության թիվը կազմել է 160 մարդ։

Սակայն կղզու պաշտոնական կայքէջում ասվում է, որ վերջին տարիներին այնտեղ բազմաթիվ տներ վերակառուցվել են, և նոր հարմարություններ են ստեղծվել բնակության համար։ Սակայն, միաժամանակ, նշվում է, որ խմելու ջուրը սահմանափակ է և խորհուրդ է տալիս այցելուներին իրենց հետ ջուր բերել այնտեղ։

Կղզում չկա WiFi, էլեկտրականություն և տաք ջուր։ Վայրը կարող է կոշտ և անհարմար թվալ, սակայն այն իրականում յուրահատուկ է։ Այնտեղ մարդը վերադառնում է իր սկզբնական վիճակին՝ կրակ, մոմեր, վայրի կյանք ու բնություն։

Եթե հետաքրքրվում եք աշխատանքով, կարող եք նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։