Արքայազն Հարրին «շատ է տխրել» թագավորական պարտականությունները վայր դնելու որոշման կապակցությամբ


07:47 , 21 հունվար, 2020

Բրիտանացի արքայազն Հարրին ասել է, թե ինքը շատ տխուր է, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները։ «Ես ցանկանում եմ, որ դուք ինձնից լսեք ճշմարտությունը, որը կարող եմ հայտնել ոչ որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարրի՝ նույն այն մարդը, որը 35 տարի հասակ է առել ձեր աչքերի առաջ, բայց ավելի պարզորոշ հեռանկարով»,- ասել է Հարրին Սենթեբեյլի բարեգործական հիմնադրամում ունեցած ելույթի ժամանակ: Արքայազնն ասել է.

«Մեծ Բրիտանիան իմ տունն է եւ այն վայրը, որը ես սիրում եմ: Դա երբեք չի փոխվի»,- եւ հավելել է. «Ես շատ տխուր եմ, որ բանը հասավ դրան»:

Ինչպես հաղորդվել է, արքայազնը եւ նրա տիկին Մեգան Մարքլը համաձայնության են հասել թագավորական ընտանիքի հետ, որ այլեւս չեն կատարի թագավորական պարտականությունները եւ զրկվում են «թագավորական մեծություն» տիտղոսից:

Ամուսինները կվերադարձնեն 2,4 միլիոն ֆունտ ստեռլինգը (3,1 միլիոն դոլարը), որը հարկատուների միջոցներից ծախսվել է իրենց առանձնատան նորոգման համար, եւ հետագայում կհրաժարվեն պետության ֆինանսական աջակցությունից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: