Ավստրալիայի հարավ-արևելքում փոթորկից հետո գոլֆի գնդակի չափի կարկուտ է տեղացել


04:30 , 21 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Ավստրալիայի հարավ-արեւելքի առանձին շրջաններում սաստիկ կարկուտ է տեղացել: Այդ մասին հունվարի 20-ին հայտնել է 7News ավստրալական հեռուստաալիքը։
Գոլֆի գնդակի չափի կարկուտը Նոր Հարավային Ուելսի նահանգում եւ Ավստրալիայի մայրաքաղաքի տարածքում ջարդել է ավտոմեքենաների ապակիները եւ կոտրել ճառերի ճյուղերը: Անբարենպաստ եղանակը, մասնավորապես, վնաս է հասցրել Կանբերային եւ այլ խոշոր քաղաքների:

Ավստրալիայի արտակարգ ծառայությունները մեկ օրում ստացել են ավելի քան 1,5 հազար կանչ, որոնցից մոտավորապես հազարը կապված են եղել տարերքի մոլեգնելու պատճառով շենքերի վնասվելու հետ։

Դրանից ժամեր առաջ Նոր Հարավային Ուելսի նահանգում մոլեգնել է ավազամրրիկը: Ավազի եւ փոշու քուլաները հասել են տասըհարկանի շենքի բարձրության: Փոթորկի ժամանակ քամու պոռթկումների արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի:

Մինչդեռ, Վիկտորիա, Հարավային Ավստրալիա, Տասմանիա նահանգներում եւ Նոր Հարավային Ուելսի հարավային մասերում շարունակում են մոլեգնել բնական հրդեհները, որոնք արդեն զգալի վնաս են հասցրել: Ավստրալիայի պաշտոնական անձինք BBC News-ին հայտարարել են, որ անտառային հրդեհների սեզոնը կշարունակվի դեռ երկար ամիսներ:
2019 թվականի սեպտեմբերից Ավստրալիայում մոլեգնող հրդեհների հետեւանքով զոհվել է առնվազն 30 մարդ, ավերվել են 2 հազարից ավելի տնային տնտեսություններ: Կրակը ոչնչացրել է շուրջ 10 մլն հեկտար անտառ: Զոհվել են հսկայական քանակությամբ կենդանիներ, այդ թվում՝ կոալաներ ու կենգուրուներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: