Հոլիվուդյան դերասան Ռասել Քրոուն, ով ծնունդով Ավստրալիայից է և այնտեղ է բնակվում, ցույց է տվել՝ ինչպես են ամիսներ տևած անտառային հրդեհներից հետո տեղացած հորդառատ անձրևները փոխակերպել բնությունը:
Դերասանն այս մասին գրել է իր թվիթերյան էջում՝ «առաջ/հետո» ձևաչափով կոլաժ հրապարակելով: Լուսանկարում պատկերված է Քրոուին պատկանող հողատարածքը:
«Իմ տարածքը՝ 10 շաբաթ առաջ տեղի ունեցած հրդեհից հետո և այսօր առավոտյան՝ հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձևից հետո»,-գրել է «Գլադիատոր»-ի դերակատարը:
Առաջին լուսանկարում երևում է՝ ինչպես է կրակը ոչնչացրել ամբողջ բուսականությունը, իսկ երկրորդում երևում է՝ ինչպես է կենսատու անձրևը նոր շունչ հաղորդել բնությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամիսներ շարունակ անտառային հրդեհների թիրախում հայտնված Ավստրալիայի որոշ հատվածներում երկար սպասված անձրև է տեղացել: Տեղումները գրանցվել են Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգներում, որտեղ մոտ 21 ամիս երաշտ էր և հոկտեմբերից մոլեգնում են անտառային հրդեհները:
Տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: