Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ, պարզապես փորձ է կատարվում սեփական հասարակությունից թաքցնել անճարակությունը. Կարեն Հովհաննիսյան


12:54 , 19 հունվար, 2020
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար գեներալ Էլչին Իբրահիմովը հունվարի 7-ից ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային սադրանքները, որոնք ստացել են մեր կողմից հակահարված՝ հասցնելով մարդկային և տեխնիկական կորուստներ, փորձ է անում պարտակել սեփական անհաջողությունները հայտարարությունների տեսքով:
Ըստ տխրահռչակ գեներալի, Ադրբեջանը հատկապես Տավուշի ուղղությամբ 2019թ.-ին բարելավել է սեփական դիրքերը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ սպասարկման համար միջավայր, ինչպես նաև ձեռք բերել վերահսկող դիրքային պայմաններ Վրաստանից Հայաստան գազամուղու նկատմամբ: Ակնհայտ է, որ այս հայտարարությամբ, պարզապես փորձ է կատարվում սեփական հասարակությունից թաքցնել անճարակությունը, քանի որ իսկապես Տավուշի մարզում հակամարտության հենց սկզբից որոշակի առավելություններ ունեցող Ադրբեջանը չի կարողանում իրականացնել որևէ ինժիներական աշխատանք սեփական դիրքերից առաջ գտնվող հատվածում, քանի որ հայկական կողմը մշտապես ճնշում է նման գործողությունները:
Հունվարի 7-ին նման գործողության հետևանքով Ադրբեջանի բանակը կորցրեց զինվորի, իսկ նույն գեներալը հայտարարում է, որ իրենք 5-6 անգամ ավել համարժեք պատասխան են տվել: Այսինքն, ըստ այդ պետության սահմանային ծառայության ղեկավարի , մենք ունեցել ենք առնվազն 5 զոհ այդ հատվածում, ինչը չի համապատասխանում իրականությանը և բացառապես կրում է սեփական հասարակությանը մոլորեցնելու և ստով կերակրելու միտում: