Երևանում Mercedes-ը բախվել է կայանված Lada-ին, ապա աղբամաններին, այնուհետև բախվել է ծառին, կոտրել այն և հարվածել էլեկտրասյանը. 24-ամյա վարորդը տեղում մահացել է. Shamshyan.com


10:54 , 18 հունվար, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 24-ամյա Հենրի Մարկոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլարտրելի հատվածում կայանված Lada մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել է «Սանիթեք» ընկերության աղբամաններին և առաջ ընթանալով, բախվել ծառին, կոտրել այն, այնուհետև բախվել թիվ 80 էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: