ԱՄՆ-ում դիտարկում են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը


05:30 , 18 հունվար, 2020

Միացյալ Նահանգներում քննարկել են Իրանի միջուկային օբյեկտներին նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «ՌԻԱ Նոփվոստին»:

«Սա կարևոր հարց է, որի մասին մենք շատ ենք մտածել»,- պատասխանել է քաղաքական գործիչը Hugh Hewitt Radio Showի եթերում հնչած համապատասխան հարցին:

Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը հունվարի 8-ին խոստացել էր, որ քանի դեռ նա իշխանության ղեկին է, թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել:

Ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջազգային հանրությանը հավաստիացրել է, որ իր երկիրը նման նպատակ չունի, իսկ դրա մասին բոլոր հայտարարություններն անհեթեթություն են: Պոմպեոն ռադիոեթերում շեշտել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այդ հայտարարությունը լինի իրական, հաստատված և ստուգելի: