Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խմբի 22 մասնագետ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար դեռ զանգ չի ստացել


04:30 , 17 հունվար, 2020

168.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը հունվարի 14-ին տեղեկացրեց, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը.

«Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզի հատուկ խումբը փակվել է, մասնագետների աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին:

Նրանք 168.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ պայմանագրի ժամկետի երկարաձգման համար 22 մասնագետից ոչ ոք դեռ զանգ չի ստացել, սպասողական վիճակում են:

«Այն, որ ասում են՝ անցում ենք կատարում ներառական կրթության, դե թող ընդունեն շաքարային դիաբետով, ինքնուրույն չուտող և ինսուլին սրսկվող բալիկի: Ու էլի կարող ենք թվարկել խմբեր հաճախող երեխաների խնդիրների ծանրությունը: Ավելին՝ համայնքներում դեռ չկան ներառական պարտեզներ՝ համապատասխան մասնագետներով»,- ասացին նրանք:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզում գործող խմբերը երեքն էին, հաճախում էին ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 24 երեխաներ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆեյսբուքի օգտատերերից մեկն իր էջում թիվ 92 մանկապարտեզում գոտիներով կապված երեխաների լուսանկարներ էր հրապարակել՝ գրելով.

«Միշտ եմ խորապես մտահոգված եղել մեր հանրապետության կրթական հաստատություններում երեխաների հետ կիրառվող դաստիարակչական մոտեցումների հարցով, սակայն, որ այդ մոտեցումները կարող են վերածվել ֆիզիկական բռնության և ակնհայտորեն կիրառվեն առանց պատասխանատվության որևէ զգացման, որ դրանք կիրառվեն նախադպրոցական տարիքի երեխաների հետ, այն էլ՝ մասնագիտացված նախադպրոցական ուսումնական հաստատությունում, կարծում եմ՝ սա արդեն չափից ավելի է»: