Դերսիմում 15 օրով արգելվել են հանրահավաքները, երթերն ու մամուլի ասուլիսները


17:27 , 16 հունվար, 2020

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում արգելվել է բոլոր տեսակի հանրահավաքների, երթերի ու մամուլի ասուլիսների կազմակերպումը:

Թունջելիի նահանգապետարանը հայտարարություն է տարածել, որ արգելքը գործում է 2020թ. հունվարի 16-ից և կավարտվի հունվարի 30-ին:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ արգելքը սահմանվել է անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «հնարավոր ահաբեկչական hարձակումները կանխելու, բնակիչների կյանքի ու գույքի անվտանգությունն  ապահովելու և բռնարարքների տարածումը թույլ չտալու» նպատակով:

«Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի վարչական սահմաններից ներս 2019թ. հունվարի 16-ից մինչև հունվարի 30-ը ներառյալ 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի ասուլիսները, բողոքի միջոցառումները, ստորագրահավաքները,  նստացույցերը, հացադուլերը և նմանատիպ գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ նմանատիպ արգելքները սահմանվում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալներին ու նրանց թաքստոցները հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով իրականացվող գործողությունների ընթացքում: ՔԲԿ-ն Թուրքիայում  համարվում է ահաբեկչական կառույց: