ԱՄՆ-ը և ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առևտրային համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ


19:00 , 16 հունվար, 2020

Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բանակցություններն առևտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են: Այդ մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

«Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել գործարքի երկրորդ փուլին վերաբերող քննարկումերին»,- ասել է նա, սակայն մանրամասներ չի հայտնել:

Հունվարի 15-ին Թրամփը և Լյու Հեն ստորագրել են ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրական վեճի կարգավորման առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը:

Պետական դեպարտամենտում այդ իրադարձությունը համարել են ԱՄՆ-ի մեծ հաղթանակը: Համաձայնագիրը ենթադրում է, որ Պեկինն ԱՄՆ-ից ապրանքների ներմուծումը երկու տարվա ընթացքում կավելացնի առնվազն 200 միլիարդ դոլարով: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ դրա դիմաց ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ չի սահմանի Չինաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն ավելի վաղ հայտարարել է, որ առևտրական գործարքի առաջին փուլը չի նախատեսում չինական ապրանքների բոլոր մաքսերի վերացում, դա մասնակիորեն հաշվի կառնվի երկրորդ փուլում, հաղորդել է «Ինտերֆաքսը»: