Թուրքիան վերացրել է երկրում Wikipedia-ի արգելքը


21:15 , 16 հունվար, 2020

Թուրքիայի իշխանությունները 2 տարի արգելափակելուց հետո վերացրել են աշխարհում ամենամեծ համացանցային հանրագիտարանի` Wikipedia-ի արգելքը երկրում: Կայքն արգելափակվել էր 2017-ի ապրիլից առանց պաշտոնական պատճառների հրապարակման: Wikipedia-ի գլխավոր կառույցի՝ Wikimedia Foundation-ի ներկայացրած բողոքարկման մեջ նշվում է, որ արգելափակման պատճառ են հանդիսացել «Արտասահմանի միջամտությունը Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ» եւ «Պետական ահաբեկչություն» հոդվածները:

Բացի Wikimedia Foundation-ից թուրքական իշխանությունների որոշումը Սահմանադրական դատարանում բողոքարկել են նաեւ Թուրքիայի հասարակական քաղաքական գործիչներ Յաման Ակդենիզը եւ Քերիմ Ալտիպարմակը: Նրանք հայտարարել են, որ արգելափակումը խախտում է իրենց տեղեկատվություն ստանալու ազատության իրավունքը:

2019-ի դեկտեմբերի 26-ին երկրի Սահմանադրական դատարանը որոշել է, որ Թուրքիայի «Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կազմակերպության» մտցրած արգելափակումն իրոք հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, իսկ այն հոդվածները, որոնք պատճառ էին հանդիսացել կայքի արգելափակման համար, ոչ մի հանցավոր բովանդակություն չունեն: Ըստ տեղական օրենքների, դատարանի որոշումն ուժի մեջ կմտնի Official Gazette-ում հրապարակվելուց հետո: Դրանից հետո, ըստ տեղական ԶԼՄ-ների, արդեն 10:40-ից Թուրքիայի օգտատերերը կրկին կարող են օգտվել Wikipedia-ից: