«Պուտինը նախագահական ժամկետի ավարտից հետո չի հեռանա քաղաքականությունից». ամերիկացի քաղաքագետը Պուտինին համեմատել է Ջորջ Վաշինգտոնի հետ


14:54 , 16 հունվար, 2020

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի քաղաքագետ Ուիլյամ Պոմերանցը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ժամկետի ավարտից հետո ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի պես չի հեռանա քաղաքականությունից, այլ կշարունակի երկրի առաջնորդը լինել, հնարավոր է` ոչ ֆորմալ կերպով: 

«Վերջնական հաշվով Պուտինը կմնա գլխավորը` կա՛մ ֆորմալ պաշտոնով, կա՛մ ոչ ֆորմալ ճանապարհով: Ես չեմ կարծում, որ նա, Ջորջ Վաշինգտոնի պես, 2024 թվականին կմեկուսանա իր կալվածքում»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ամերիկյան մայրաքաղաքի Քեննանի փորձագիտական ինստիտուտի փոխտնօրեն, Ռուսաստանի հարցերով մասնագետ Պոմերանցը:

Ջորջ Վաշինգտոնն ԱՄՆ նախագահ է եղել 1789-1797 թվականներին:

«Բայց դա դեռևս հեռու ապագա է, իրադարձությունները կարող են փոխել Պուտինի ռազմավարությունը»,-ավելացրել է քաղաքական գործիչը:

Նրա խոսքով` Պուտինի կողմից Անվտանգության խորհրդի կարգավիճակի բարձրացումը թույլ կտա իշխանության փոխանցումը Ղազախստանի օրինակով, որտեղ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո պահպանեց Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը:

Պուտինի կողմից Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելը քաղաքագետը նմանեցրել է 2004 թվականին Միխայիլ Ֆրադկովի կառավարության ստեղծման հետ` նշելով, որ տեխնոկրատ վարչապետի առկայությունը դե-ֆակտո կավելացնի նախագահի լիազորությունները:

«Չեմ կարծում, որ պոտենցիալ իրավահաջորդ է (Միշուստինը): Իհարկե, ժամանակին ոչ ոք չէր մտածում Պուտինի մասին, բայց նա կարճ ժամանակում իրեն դրսևորեց որպես գրագետ վարչապետ»,-նշել է Պոմերանցը:

Սակայն, նրա խոսքով, Միշուստինը չունի այն իշխանական բազան և աջակցությունը, որը կարող է իրեն դարձնել Պուտինի իրավահաջորդը:

«Ես կարծում եմ, որ այս իրարանցման մեջ մեկ հաղթող կա, և դա Վոլոդինն է (Պետդումայի խոսնակը): Համենայն դեպս, ամենաքիչը կուժեղանան նրա լիազորությունները որպես Դումայի խոսնակ»,- կարծիք է հայտնել քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: