Լրագրող-վարչապետը՝ ընդդեմ հեռուստաընկերությունների


14:52 , 16 հունվար, 2020

Մամուլից տեղեկացա, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Շատ լավ հիշում եմ, որ ամիսներ առաջ, կարծեմ, ամռան ամիսներին, ԶԼՄ դաշտով զբաղվող մի շարք ՀԿ-ների կողմից ներկայացվել էր իրենց մշակած նախագիծը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»: Ի դեպ, այս նույն ՀԿ-ները տարիներ շարունակ ձգտել են այս դաշտում փոփոխություններ իրականացնել եւ մշտապես տարբեր առաջարկներ եւ նախագծեր են ներկայացրել։

Այսօր եւս նրանք ունեն նախագիծ, որը ժամանակին քննարկվել էր այսօր իշխող խմբակցության հետ, սակայն, իմ տեղեկություններով, լսումներին դրված է իշխանական խմբակցության կողմից ներկայացված նախագիծը։ Հիշեցնեմ նաեւ, որ, ըստ որոշ ՀԿ-ների, այսօր գործող օրենքը հնացած է։ Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին։ Գուցե եւ կարիքը կա օրենքում փոփոխությունների եւ լրացումների, այստեղ խնդիր չեմ տեսնում։ Սակայն հարցը, օրենսդրական լինելով, սահուն աշխատեցնելու են ի շահ իշխանության շահերի՝ դրանից բխող բոլոր վատ եւ հակասահմանադրական հետեւանքներով։ Չեմ թաքցնում, իմ դիտարկմամբ, խնդիրը ոչ այնքան օրենքն է կամ այդ օրենքը ավելի ժամանակակից եւ ավելի արդյունավետ դարձնելն է, այլ այն, որ իշխանությունն ակնհայտորեն ձգտում է, օգտագործելով պահը, հեռուստաընկերություններին ավելի նեղ շրջանակների մեջ սեղմելու եւ նրանցից ոչ հաճելիներին լիցենզիաներից զրկելու համար։

Ահա, դատեք ինքներդ։ Հայտնի է, որ սպասվում է անցկացնել հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթ, եւ այն սարերի հետեւում չէ, ուստի իշխանությունն այս իրողությունը փորձելու է օգտագործել ի նպաստ իր շահի։ Ապացույցը՝ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի վեցրոպեանոց խոսքը հեռուստատեսային միջավայրում իբր մոնոպոլիաների մասին։ Փաշինյանը առանց աչքն իսկ թարթելու հայտարարեց, որ առնվազն երկու հեռուստաընկերության դեպքում հեռուստաընկերությունների լոգոն կարելի է փոխել եւ դարձնել «կոռուպցիագրուպը ներկայացնում է»։ Հեյ գիտի ժամանակներ եւ հեյ գիտի թերթերից մեկի նախկին խմբագիր, ով այսօր վարչապետ է։

Չբացելով փակագծերը։ Առայժմ։ Ակնհայտ է, որ «թավշյա եւ ոչ բռնի»-ից հետո ԶԼՄ-ների դեմ սկսված արշավը եւ խոսքի ազատությանն ուղղված իշխանական ճնշումները մտնում են նոր փուլ, և դա ավելի ազդելու է հնարավորինս մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների, այս դեպքում՝ որոշ հեռուստաընկերությունների գործունեության վրա։ Վարչապետը չի թաքցնում, որ ցանկություն ունի լիցենզավորման նոր մրցույթն անցկացնելու նոր չափորոշիչներով, եւ հույս ունի, որ սա լավ առիթ է , որ հատկապես իր քիմքին ոչ հաճելի թիվիները չհամապատասխանեն չափորոշիչներին։

Չեն բացառվում անգամ իրավական արհեստական փակուղիների ստեղծումը։ Գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ, իսկ խստացված չափորոշիչների պարագայում սա լուրջ խնդիր է լինելու։
Սպասենք եւ հետեւենք քննարկումներին։

Հ․Գ. Չմոռանանք, որ «5-րդ ալիք»-ի սեփականատերն արդեն շուրջ 25 օր գտնվում է անազատության մեջ անհասկանալի պատճառներով, եւ սա ազատ խոսքի դեմ ոտնձգություն դիտարկելը շատ տրամաբանական է։ Սպասենք զարգացումների հաջորդ փուլին։