ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ հոդվածները սենատին հանձնելու օգտին


05:30 , 16 հունվար, 2020

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ երկու հոդվածները սենատին հանձնելու օգտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով քվեարկության արդյունքներին:

Նշվում է, որ քվեարկությունը պաշտոնապես հաստատել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից առաջարկված պալատի յոթ անդամների թեկնածությունները, որոնք մեղադրանքները կներկայացնեն սենատում: Մեղադրողների խումբը գլխավորելու է ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը:

ԱՄՆ-ում սկանդալ է բռնկվել այն բանից հետո, երբ անանուն տեղեկատուն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի վրա՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ հետաքննություն սկսելու համար: