10 մոռացված բակային մանկական խաղ, որոնք արդեն այնքան էլ հետաքրքիր չեն ժամանակակից երեխաներին


08:09 , 16 հունվար, 2020

Այսօր առաջարկում ենք հիշել սիրելի բակային խաղերը, որոնց մասին, ցավոք, չգիտեն շատ ժամանակակից երեխաներ։

Խաղերը երեխայի համար շատ կարևոր երևույթ են․ դա կհաստատի ցանկացած հոգեբան։ Խաղի ընթացքում երեխան սովորում է ճանաչել աշխարհը, յուրացնել ապագայի համար կարևոր հմտություններ, և իհարկե, տեղի է ունենում ամենակարևորը՝ սոցիալիզացիան։ Այլ երեխաների հետ շփումը սովորեցնում է երեխային հարաբերություններ կառուցել, սեփական սահմանները գծել, գտնել իր ճիշտ տեղը կոլեկտիվում։ Այդ պատճառով էլ խմբակային խաղերը սկզբունքորեն կարևոր են անձի ներդաշնակ զարգացման համար։

1. Կլասս

Խորհրդային տարիներին բոլոր ասֆալտապատ բակերը կավիճով գծված էին։ «Կլասս» խաղի պայմանները հետևյալն էին․ թվերով աղյուսակ էր գծվում, որից հետո մասնակից երեխան քար էր գցում վանդակի մեջ և հերթականությամբ ցատկում էր մինչև նշված թիվը և վերադառնում, հետո քայլը փոխանցում էր հաջորդին։

2. Պահմտոցի

Սկզբում մասնակիցները հաշվելուկի օգնությամբ ընտրում են նրան, ով լինելու է աչքերը փակողն ու հետո փնտրողը։ Նա շրջվում է դեպի պատը, հաշվում, մյուսները թաքնվում են։ Հետո նա սկսում է փնտրել, հերթով գտնել մասնակիցներին և վազել այնտեղ, որտեղ որ փակել էր աչքերը և «թքել», ինչպես ընդունված էր ասել հայկական բակերում։

3. Բռնոցի

Երեխաների խումբը շրջան է կազմում և ընտրում է «բռնողին»։ Հետո բոլորը վազում են, և նա պետք է հերթով կարողանա դիպչել փախչողներին։

4. «Ռեզին»

Այստեղ առնվազն երեք խաղացող է անհրաժեշտ, և այս խաղը հիմնականում աղջիկներն են խաղում։ Երկուսը ոտքերով պահում են «ռեզինը» որոշակի բարձրության վրա, երրորդը ցատկում է՝ հերթով բարձրացնելով ռեզինի մակարդակը։ Եթե սխալվում է, հաջորդն է մտնում խաղի մեջ, իսկ նա պահում է «ռեզինը»։

5. Այրվող կարտոֆիլ

Շրջանով կանգնած մասնակիցները արագ տեմպով իրար են գցում գնդակը։ Եթե ինչ-որ մեկը ձեռքում պահում է գնդակը և չի հասցնում արագ նետել, անցնում է մեջտեղ և կքանստում է։ Խաղը շարունակվում է, մեջտեղում նստածը պետք է կարողանա բռնել գնդակը, բայց առանց ոտքի կանգնելու։ Եթե դա նրա հաջողվում է, նա դուրս է գալիս տուգանային գոտուց։

6. Գորտ (Լյագուշկա)

Պատի վրա կավիճով հորիզոնական գիծ է քաշվում։ Գնդակը պետք է դրանից վերև խփել, և երբ այն հետ է գալիս և հարվածում գետնին, պետք է գնդակի վրայով ցատկեն։ Երեխաները շարվում են իրար հետևից, և խաղը սկսվում է։ Եթե ինչ-որ մեկը չի կարողանում, նա հավաքում է Լյագուշկայի տառերը հերթականությամբ։ Ով առաջինն է «Լյագուշկա» դառնում, նա դուրս է գալիս խաղից։

7. «Գործնագործ»

Հայկական իրականության մեջ երեխաները բակերում այսպես էին անվանում այս խաղը։ Ասում են, թե դա «город за город» արտահայտության՝ երեխաների կողմից աղավաղված տարբերակն է։ Եվ այսպես, երկու կողքից կանգնում են գնդակով հարվածողները, իսկ մեջտեղում կանգնում են մյուս երեխաները և փորձում են այնպես անել, որ գնդակն իրենց չդիպչի։ Ում որ գնդակը դիպչում է, նա դուրս է գալիս խաղից։ Մինչև որ մնում է մեջտեղում մեկ մասնակից, որն էլ հաղթողն է համարվում։

8. Մատանի

Երեխաները նստում են նստարանին և ձեռքերը նավակի պես պահում են։ Մասնակիցներից մեկի ձեռքի մեջ մատանի է, ով, նույնպես նավակի պես պահած ձեռքերը, հերթով մոտենում է խաղացողներին, ձեռքը պահում խաղացողի ձեռքի վրա և մատանին աննկատ դնում է մասնակիցներից մեկի ձեռքի մեջ։ Այնուհետև նա, ում ձեռքում է հայտնվել մատանին, պետք է հասցնի փախչել, իսկ մյուսները չպետք է դա թույլ տան։

9. «Ուտելի-չուտելի»

Երեխաների քանակը չի սահմանափակվում։ Նրանք շարքով կանգնում են։ Նրանցից մեկը կանգնում է դիմացը և խաղացողներին գնդակ է նետում և առարկաներ ասում։ Եթե առարկան ուտելի է, պետք է գնդակը բռնել, եթե ոչ, հարվածել ու հրել։ Նա, ով շփոթում է, թե ինչ է պետք անել, դուրս է գալիս շարքից և ինքն է սկսում նետել գնդակը։

10. Կազակներ-ավազակներ

Երեխաները երկու խմբի են բաժանվում։ «Ավազակները» գաղտնաբառ են մտածում և տարբեր կողմեր են փախչում, «կազակների» համար կողմնորոշիչներ թողնելով, թե որտեղ կարող են իրենց փնտրել։ «Կազակները» ամեն մի հայտնաբերված «ավազակի» բերում են շտաբ և պահանջում են գաղտնաբառը։ «Կազակները» հաղթում են, եթե «գերին» ասում է գաղտնաբառը, կամ եթե բռնում են բոլոր «ավազակներին»։