«Նախաձեռնությունը լավ առիթ է հանրապետությունից միապետության անցնելու գաղափարը քննարկելու համար». Ռուբեն Մելիքյան


22:43 , 15 հունվար, 2020

168.am-ը գրում է․

Հունվարի 13-ին Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի 1986-Ա որոշման համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից: Հանձնաժողովի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ:

Նախարարությունը իրավաբան-գիտնականների և հասարակական կազմակերպությունների առաջ հետաքրքիր սահմանափակումներ է դրել:

Իրավաբան գիտնականը պետք է ունենա իրավաբանական գիտությունների դոկտորի կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն 7 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ առաջադրելու գործընթացին կարող են մասնակցել այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և, ամենակարևորը, այդ կազմակերպությունները ներկայացուցիչ առաջադրելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում պետք է գործունեություն իրականացրած լինեն:

Նախարարությունը հասարակական կազմակերպություններին ու իրավաբան-գիտնականներին հայտեր ներկայացնելու համար մինչև հունվարի 23-ը ժամանակ է տվել:

ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԼՂՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք չի՞ պատրաստվում սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամի թեկնածություն ներկայացնել:

«Մենք չենք քննարկել այդ հարցը դեռ, ամեն դեպքում մի փաստ կարող եմ նշել, որ ամենևին ընդունելի չեմ համարում այն սահմանափակումները, որոնք նախատեսված են հասարակական կազմակերպությունների մասնակցության համար: 5 տարվա գործունեության փորձը որպես հիմնական սահմանափակող նշանակության դրույթ ներկայացնելն անընդունելի է, ընդ որում՝ սա առաջին դեպքը չէ: Օրեր առաջ նաև ԱԺ «Կեղծ լուրերի դեմ պայքարի» օրենսդրություն մշակելու համար հանրային հայտ եղավ, և նույն սահմանափակումն էր նախատեսված»,- 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Ռուբեն Մելիքյանը:

Ըստ իրավապաշտպանի՝ 5 տարվա ցենզի նշանակումն այս դեպքում իր մեջ ողջամտության որևէ տարր չի պարունակում, ու այդ սահմանափակումը մոտեցման հարց է:

Մելիքյանի կարծիքով՝ այսօր իշխանությունների նկատմամբ քննադատական խոսք հնչեցնող, իշխանությունների նկատմամբ հանրային արդյունավետ վերահսկողություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը գրանցվել է վերջին 1-2 տարում: Ու չնայած այն հանգամանքին, որ այդ հասարակական կազմակերպությունների համահիմնադիրները հաճախ բավական հայտնի են հանրությանն իրենց նախորդ գործունեության շրջանակներում, այդուհանդերձ, հասարակական կազմակերպությունները ժամանակագրական առումով մեծ փորձ չունեն:

«Եվ սա հետապնդում է ոչ թե իրավաչափ նպատակ, այլ գործընթացից քաղաքական իշխանությանը քննադատող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը դուրս թողնելու ոչ իրավաչափ նպատակ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցինք՝ դիմելո՞ւ է արդյոք սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ որպես իրավաբան-գիտնական:

«Անկեղծ ասած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չունենք վստահություն, որ այդ գործընթացը բարի նպատակներով է արվում, այլ ոչ թե վատ նպատակներով, դրա հավանականությունը չկա»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նա վստահ է, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հիմնական խնդիրը Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելն է: Նրա կարծիքով՝ մասնագիտական հանձնաժողովի առաջ խնդիր է դրվելու ՍԴ-ին առնչվող հարցերին սահմանադրական լուծումներ գտնելու հարցը: Ըստ նրա՝ դրա մասին են վկայում նաև Վճռաբեկ դատարանը և Սահմանադրական դատարանը միավորելու գաղափարի մասին իշխանական ներկայացուցիչների հաճախ հնչող կարծիքները:

Բայց նրա խոսքով՝ կա մեկ այլ, ավելի հետաքրքիր գաղափար:

«Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունների այս նախաձեռնությունը լավ առիթ է, որպեսզի մեր Արդարադատության նախարարությունն ու առհասարակ որոշում կայացնողները քննարկեն հանրապետությունից միապետության անցնելու՝ դինաստիկ կանոններ մտցնելու գաղափարը, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր վարչապետը և իր ընտանիքը կարծես թե իրենց հանրային գործունեությամբ դրան լիովին պատրաստ են»,- ասաց Ռ. Մելիքյանը՝ ավելացնելով, որ այդ փաստը հասարակությունը հավանաբար ոչ միանշանակ կընդունի, սակայն պաշտպանողների պակաս էլ չի լինի:

Տեղեկացնենք նաև, որ այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ասել է. «Կառավարական համակարգի մասով, եթե նկատի ունենք գլոբալ փոփոխություններ, այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգից նախագահականի կամ կիսանախագահականի անցում, ռազմավարության մեջ դրա մասին որևէ խոսք չկա, և չեմ կարծում, թե նման կոնցեպտուալ և խորքային փոփոխություններ կարելի է հաճախ անել և սթրեսի ենթարկել ամբողջ պետական կառավարման համակարգը, բայց կան տարրեր, որոնք, կարծում եմ՝ միանշանակ փոփոխման ենթակա են»:

Նախարարը նաև ասել է, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված իրավաբան-գիտնականները կարող են անգամ կոնկրետ խնդիրներ բարձրացնել ու առաջարկություններ անել: