«Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է». նախկին փոխնախարարը կիսվել է Ryanair-ով առաջին թռիչքի տպավորություններով (Photo)


11:09 , 15 հունվար, 2020

Եվ այսպես՝ Երևան-Բերգամո/Միլան-Երևան առաջին չվերթը Ryanair բյուջետային ընկերության կողմից, չվերթ, որը և՛ շատ սպասված էր, և՛ շատ քննարկված։

Երկու դրվագի մասով փոքրիկ անդրադարձ եմ ցանկանում կատարել՝ վերգետնյա ծառայությունների մասով և բուն թռիչքայինի։

Մոտենալով օդակայանի՝ ուղևորների հաշվառման սպասարկման սեղանին՝ միանգանից նկատում ես, որ սպասարկողները սովորականից էապես շատ ավելին են, եռուզեռի մեջ են, մի փոքր դիտարկելով էլ հասկանում ես, որ մարդիկ ամեն կերպ ջանում են իրենց համար էլ անծանոթ կարգ ու կանոնով սպասարկումը իրականացնելու համար։ Ձգտումը, անշուշտ, դրվատելի էր, բայց մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ անձնակազմը տակավին պատրաստ չէր ընկերության չափորոշիչներով աշխատանքին։ Սրանով էր բացատրվում մեծ թվով աշխատակիցների ներգրավումը հաշվառման գործընթացին, բայց մենք ուղևորներով ունեինք թվական ակնհայտ գերակշռություն և շատ բարեհաջող համատեղ հաղթահարեցիք առաջին փուլը՝ գրանցումը և ուղեբեռի հանձնումը։)

Հաշվառման սեղանից ոչ հեռու կանգնած էին Ryanair-ի երկու ներկայացուցիչները, որոնց մեր չվերթի հաշվառման աշխատակիցները անընդհատ դիմում էին պարզաբանումների համար։ Մասնավորապես՝ պարզաբանվող հարցերից մեկն էլ ցույց տվեց, որ չվերթը սպասարկվում է ոչ փոխադրողի՝ Ryanair-ի հաշվառման ծրագրով, այլապես հաշվառում վարող աշխատակիցը կիմանար, որ տվյալ ընկերության համար հանձնվող ուղեբեռի առավելագույն թույլատրելի քաշը չի կարող գերազանցել 20,9 կգ-ը մեկ կտորի համար (առավել տարածված է 23 կգ նորմը) և այլն։

Անպատրաստվածության դրսևորում էր նաև այն, որ նստեցումից հետո վերգետնյա ծառայության աշխատակիցները մի քանի փորձով ջանում էին ինքնաթիռի սրահում հայտնաբերել հաշվառված, բայց այդպես էլ ինքնաթիռի սրահում չհայտնված երկու ուղևորի։ Ինչևէ, նրանց այդպես էլ չհայտնաբերելով, նաև պայմանավորված իտալացի կարգավարների գործադուլով՝ 30 րոպե ուշացումով սահուն ու վստահ օդ բարձացանք։

Ինքնաթիռի մասին. Boeing 737-800, կարելի է ասել նոր, շահագործման էր հանձնվել 2018 թվականի հունվարին, ուներ Մալթայի գրանցում, ամենայն հավանականությամբ, տրված է շահագործողին (Ryanair) կառավարման։
Ինչպես և սպասվում էր, սրահը մի փոքր այլ էր. նստարանները նեղ էին, շարքերը՝ խիտ, չծալվող, սանհանգույցը՝ սաստիկ նեղվածք։ Իհարկե, ես արտաքնոցների մասնագետ չեմ, բայց աներկբա է, որ 100 կգ և ավելի քաշ ունեցողների համար այն օգտագործելը սաստիկ դժվար կլինի։) Սրահում զբաղվելու որևէ հնարավորություն ևս չկա, նույնիսկ ինչ-որ տպագիր նյութեր, ամսագրեր, թերթեր և այլն, անվտանգության ծանուցման թերթիկը երկրորդ անգամ ոչ մի կերպ չէր կարդացվում։

Անձնակազմը բավականին սիրալիր էր ու ժպտադեմ, նաև հումորով։ Իտալուհի բորտուղեկցորդուհուն առաջարկեցի լուսանկարվել՝ ի նշանավորումն առաջին համատեղ թռիչքի, ինչին հետևեց պատասխանը, թե դա լրացուցիչ վճար է և տոմսի մեջ ներառված չէ, հետո, թե՝ կներեք, չի կարելի։

Օդանավի սրահում իսկապես ամեն ինչ վճարովի է, օգտվելու դեպքում էլ վերջում պարտավոր էիր սննդային մնացորդներն ու աղբը ձեռքիդ հասնել ինքնաթիռի առաջնամաս՝ հատուկ տարայի մեջ այն նետելու համար։
Թռիչքի ամբողջ ընթացքը բավականին հանգիստ անցավ, վայրէջքը կոշտ էր, դրան նպաստեց նաև աջ կողային քամին։ Հատկանշական է, որ երբ օդաչուներից որևէ մեկը օգտվում էր սանհանգույցից, օդաչուների խցիկ էր մտնում ավագ բորտուղեկցորդուհին մյուս օդաչուին մենակ չթողնելու նպատակով՝ համաձայն եվրոպական ավիացիոն անվտանգության նորացված հրահանգի, որը ներդրվեց մի քանի տարի առաջ ցավալի աղետից հետո, երբ հայտնի եվրոպական ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվեց, իսկ հետաքննությունը հետագայում պարզեց, որ խցում մենակ մնացած օդաչուն կանխամտածված ինքնաթիռը տարել է կործանման՝ գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ։

Եթե ամփոփելու լինենք, առավելագույնս անվտանգ էր թռիչքը, որի գրավականը, ըստ էության, առավելապես նոր ինքնաթիռն էր, թեկուզ և պակաս հարմարավետ։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում էլ «Զվարթնոցի» վերգետնյա սպասարկող ծառայությունները կհարմարվեն նոր փոխադրողի կարգ ու կանոնին։

Հ․Գ․ Վայրէջքից հետո, երբ բացվեց ինքնաթիռի դռնակը, ներքևում Բերգամոյի օդակայանի աշխատակիցն էր՝ հայկական եռագույնով։ Հաճելի էր։