Նետրեբկոյի ամուսինը հերքել է հայուհու հետ նույն բեմում ելույթից հրաժարվելու մասին լուրերը


04:47 , 15 հունվար, 2020

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը, հերքել է տեղեկությունները, թե իբր նա հրաժարվել է SemperOperaball փառատոնում նույն բեմում ելույթ ունենալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ:

Իր Instagram-ում նա շեշտել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսլականն ու կարծիքը չեն տարածվում նրա բեմական կյանքի վրա: «Իմ քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իմ մասնագիտության և գործընկերների վրա: Դրա վկայությունն է այն փաստը, որ ես բազմիցս բեմ եմ բարձրացել Մարիա Գուլեգինայի և Գևորգ Հակոբյանի հետ Մեծ թատրոնում»,- ասել է Էյվազովը:

SemperOperaball-ի կազմակերպիչները նույնպես հերքել են ենթադրությունները, որ երգչուհի Ռուզան Մանթաշյանի 2020 թ.-ի փետրվարի 7-ին SemperOperaball-ում ելույթ չունենալը պայմանավորված է նրա ազգությամբ:

Ավելի վաղ ցանցում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Էյվազովը քաղաքական պատճառներով չի ցանկացել բեմ բարձրանալ Մանթաշյանի հետ: