Պարգևատրումների բուն էությունը պետական կառավարման համակարգում ամբողջովին խաթարված ու խեղաթյուրված է. Մանե Թանդիլյան


19:32 , 14 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը կարծում է, որ պարգևատրումների բուն էությունը պետական կառավարման համակարգում ամբողջովին խաթարված ու խեղաթյուրված է։

«Պարգևատրումը ստանում են կատարած հավելյալ աշխատանքի կամ ավելի լավ աշխատանքի համար և այս ամենը գնահատվում է տարբեր մեխանիզմներով։ Կարծում եմ, որ մարզպետարաններում ամեն ամիս աշխատողներին պարգևատրելը ժառանգվել է անցյալից և հիմա էլ ուժի մեջ է, շարունակվում է կիրառվել, սակայն դա անընդունելի է, քանի որ այլ ձևով աշխատավարձի վճարում է փաստացի։ Չէ՞ որ մենք օրենքով սահմանել ենք պետական ծառայողի աշխատավարձի չափ, եթե դա ցածր է, պետք է բարձրացնենք, քննարկենք, քննարկման առարկա դարձնենք»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն հարցմամբ դիմել էր մարզպետարանները՝ պարզելու, թե 2019թ-ին մարզպետարաննները որքան գումար են ծախսել պարգևատրումների համար։ Պատասխաններից պարզ էր դարձել, որ հաճախ աշխատակիցները պարգևատրվել են ամեն ամիս սկզբունքով։

ԼՀԿ պատգամավորն ընդգծեց՝ պարգևատրումների ներկայիս գործընթացը՝ անընդունելի է. «Պարգևավճարն ինքնանպատակ չէ, այն խրախուսման միջոց է, որով պետք է խրախուսել աշխատակցին ավելի ջանասիրաբար աշխատելու, հավելյալ արդյունք ստեղծելու կամ լրացուցիչ աշխատելու համար։ Այս ամենն ամբողջովին խեղաթյուրված է պետական կառավարման համակարգում»։

Թանդիլյանի կարծիքով, ամեն ամիս տրվող պարգևավճարը լրացուցիչ աշխատավարձ է՝ օրենքը շրջանցելու ճանապարհով։

«Ես հորդորում եմ Կառավարությանը բերել փոփոխություններ ու քննարկման առարկա դարձնել այս թեման, և ոչ թե գաղտնի հրամաններով կամ գումար կա, պարգևավճար ենք տալիս սկզբունքով կատարել նման գործողություններ։ Կան պաշտոններ, որոնց համար աշխատավարձը ցածր է և կան պաշտոններ, որոնց համար աշխատավարձը բարձր է։ Հետևաբար` ամբողջ համակարգը պետք է վերանայել, այլ ոչ թե շարունակել անցյալի արատավոր համակարգը նոր Կառավարության կողմից»,-ասաց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

Նա նշեց, որ այս կերպ շարունակելը քաղաքացիների խորը հիասթափության առիթ է, ապա իշխանությունների հորդորեց թափանցիկ, բաց, ազնիվ փոփոխություններ անել ու խնդիրը քննարկման առարկա դարձնել։

Դիտարկմանը, թե օրինակ նախարարների պարգևավճարների դեպքում ասվում էր, որ նպատակներից մեկը՝ կոռուպցիոն ռիսկը բացառելն է, Թանդիլյանը պատասխանեց. «Եթե որևէ մեկը մտածում է, որ բարձր աշխատավարձը կաշառք չվերցնելու միակ պայմանն է, ապա գաղափար չունի կաշառքի, կոռուպցիայի, աշխատանքի մասին և այս ամենի մեջ դրա ազդեցության մասին։ Այո, աշխատավարձն ունի ազդեցություն, բայց դա ամենևին միակը չէ և ամենագլխավորը չէ։ Ավելին չեմ ուզում ասել, բայց եթե որևէ մեկն այդպես է կարծում, ուրեմն գաղափար չունի ինչու և ինչպես է գործում կոռուպցիան, հետևաբար չի էլ կարող դրա դեմ պայքարել»։

Հարցին, որքանո՞վ է նպատակահարմար հեղափոխությանը դիմադրող պետական համակարգին նման կերպ պարգևավճարներ հատկացնելը, հաշվի առնելով վարչապետի հայտարարությունը, թե «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը», Թանդիլյանը պատասխանեց, որ վարչապետը դա կարող էր ասել կառավարման 1-2 կամ էլ 3 ամիսների ընթացքում. «Երբ դու արդեն 2 տարի Կառավարության գլուխն ես, ղեկավարն ես և խոսում ես պետական ապարատի դիմադրության մասին, դա նշանակում է, խոսել կառավարման մեջ սեփական ապաշնորհության մասին, որովհետև վաղուց ժամանակն է այդ դիմադրությունը հաղթահարել»։