Դատարանն իր դերում չէ. Հայկ Ալումյանը՝ փաստաբանների հասցեին հնչած սպառնալիքների մասին (Video)


15:03 , 14 հունվար, 2020

Pastinfo.am-ը գրում է.

Պետք է դատավարությունը լինի դատավարություն։ Չպետք է լինի այս բնույթի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

«Եթե դատարանն իր գործողություններով ցույց չտվեց, որ այսուհետ անհնարին է նմանատիպ միջադեպ դատարանի դահլիճում, կմտածենք՝ ինչ անենք»,-նշեց Հայկ Ալումյանը։

Հարցին, թե դատավոր Աննա Դանիբեկյանն ինչ պետք է անի, Հայկ Ալումյանն ասաց. «Դանիբեկյան չասեմ, դատարան ասեմ, որովհետև դատարանը պետք է ապահովի դատավարության բնականոն ընթացքը։ Այն, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում դատարանի դահլիճում, դա բնականոն ընթացք համարել չի կարելի։ Դատարանն իր դերում չէ, և մենք հույս ունենք, որ դատարանն ամեն ինչ կանի, որ այլևս այսպիսի բաներ չկրկնվեն»,-ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ եթե դատարանը դա չանի, պետք է մտածել ինչ կերպ վարվել, որպեսզի դատական նիստի մտնելուց գործի մասին մտածեն, այլ ոչ թե նստածներից ով ինչ կարող է ասել։

Հայկ Ալումյանը նաև հավելեց, որ իրենց սպառնալիքի հանգամանքն է անհանգստացնում. «Ոչ թե վտանգից ենք խուսափում։ Այն փաստը, որ դատական նիստերի դահլիճում սպառնալիք կարող է հնչել և դատարանը կարող է այսպես անտարբեր այդ հարցին վերաբերվել, դա է մեզ մտահոգում»,-հավելեց Հայկ Ալումյանը։

Հարցին՝ ինչու չեն դիմում իրավապահ մարմիններին, վերջինս նկատեց՝ 2018 թվականի օգոստոսին այս գործով դիմել եմ իրավապահներին այն հարցի կապակցությամբ, որ Վերաքննիչ դատարանի դիմաց բոլորի ներկայությամբ՝ ոստիկանների, կարգադրիչների, մի քաղաքացի փաստաբաններին սպառնում էր սպանել, մանրամասն նկարագրում էր՝ ինչպես պետք է փաստաբաններին սպանել. «2018 թվականի օգոստոսին այդ կապակցությամբ դիմել եմ Շենգավիթի ոստիկանությանը, տեսանյութը ներկայացրել եմ և մինչ օրս որևէ մեկն այդ դեպքի առթիվ պատասխանատվության չի ենթարկվել։ Քրեական գործ հարուցված է և դա գործը քննացնելու լավագույն տարբերակն է։ Ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել»,-նշեց Հայկ Ալումյանը։

Մանրարամասները՝ տեսանյութում