Սիրելի Սերժ, խոսակցություններ կան, որ «TR LAW FIRM» ընկերության 40% բաժնեմասի իրական տերը Դուք եք, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին


11:57 , 14 հունվար, 2020
Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,

Բազմահազար հայաստանցիների անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տիկինը պարոն Բադասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ հիմնադրել է «TR LAW FIRM» առևտրային ընկերությունը, որի հիմնադրման պահից մինչ օրս ղեկավարել է այդ ընկերությունը գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:

Այո՛, Ձեր երազանքն է եղել, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ամուսինը նշանակվի նախարարի պաշտոնում, իսկ կինն անմիջապես նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալի: Իհարկե, սա կոռուպցիա չէ, սա կոռուպցիայի հետ նույնիսկ առերևույթ կապ չունի: Սա այն է, ինչի համար Դուք պայքարել եք և հաղթել եք: Ուստի բազմահազար հայաստնացիներ շնորհավորում են Ձեզ` հեղափոխական երազանքների կատարման կապակցությամբ: Եվ հատկապես շնորհավորում են, որ արդարադատության նախարարի կինը ամուսնու գործունեության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող բիզնեսը հիմնադրել է Ձեր շատ մոտ ընկեր, հեղափոխության ընթացքի և հեղափոխության արժեքների մասին Ձեզ պարբերաբար տեղեկատվություն տրամադրող և Ձեր հեղափոխական գործունեությունն ուղղորդող Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ:

Բնականաբար, Հայաստանում կան խոսակցություններ, որ արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին: Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համերգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: