13:33 , 10 հուլիս, 2013
Mardik.am-ը գրում է.
Եթե կրկին պատերազմ լինի, ապա առաջինը Սյունիքն է ներքաշվելու ռազմական գործողությունների մեջ, քանի որ Ղարաբաղի թիկունքը Սյունիքն է։ Այս մասին mardik.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզպետը միշտ փոխարքա է եղել Հայաստան աշխարհի համար։ «Երբ առաջին անգամ մշակվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրը, և Վազգեն Սարգսյանը նշանակվեց այդ ծրագրի կատարող, փաստորեն, դե ֆակտո, նա դարձավ Սյունիքի առաջին մարզպետը։ Դեռ այն ժամանակ մի շատ կարևոր խնդիր էր դրված՝ Սյունիքը պետք է դառնար Ղարաբաղի թիկունքն ու ամուր հենակետն, ուստի թող ինձ ներեն բոլոր մարզպետները, բայց Սյունիքի մարզպետն այսօր ավելի կարևոր պաշտոն է, քան մյուս մարզպետները։ Չավարտված պատերազմի պարագայում Սյունիքի առաքելությունը պետք է առաջինը լինի»,- ասաց նա։
Ս.Աբրահամյանը նշեց, որ Սյունիքի մարզում են գտնվում Հայաստանի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, և նրանց պահպանության խնդիրը նույնպես այսօր շատ կարևոր է։ Նա առաջարկում է Սյունիքի մարզպետին տալ լրացուցիչ լիազորություններ, որովհետև մեր երկրի լավն ու վատը Սյունիքից է սկսվում։
Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի թեկնածու Վահե Հակոբյանին, ապա Ս.Աբրահամյանն ասաց, որ նրան չի ճանաչում, ուստի գնահատական տալ չի կարող, ճանաչում է նրա հորը՝ Մաքսիմ Հակոբյանին, ում հետ համատեղ աշխատել են։
Բայց Ս.Աբրահամյանի կարծիքով՝ Սյունիքի մարզպետը պետք է օժտված լինի ինտելեկտուալ, կամային հատկություններով, սիրի Սյունիքն, ամուր լինի ու կարողանա տիրոջ զգացում ունենալ մարզի նկատմամբ և ազատի սյունեցիներին փորձություններից։
«Սյունեցին միշտ ամուր է եղել՝ իր հողին կառչած կերպարով, այդ պատճառով էլ չի կարելի այդ մարդկանց վախեցնելով ու ահաբեկելով պահել, այդ մարդկանց ես տեսել եմ ամենածանր օրերին, սարեր էին շուռ տալիս։ Նոր մարզպետը պետք է նորից դեմքով շուռ գա դեպի սյունեցին, կարևորի նրա դերը պետականաշինության գործում։ Սյունեցուն պետք է պաշտպանել, այդ ժամանակ Ադրբեջանին ոչ մեկ, ոչ երկու, ոչ էլ երեք միլիոն դոլարի զենքը չի փրկի»,- ընդգծեց Ս.Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ եթե որոշումը վերջնական է, ապա ինքն այդ երիտասարդին մեծ նվիրում ու հաջողություն է ցանկանում, որ կարողանա իրագործել բոլոր ծրագրերը։