Թրամփը գնահատել է իրանցիների ԱՄՆ դրոշը անարգելուց հրաժարվելու քայլը


01:45 , 14 հունվար, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնահատել է իրանցիների ԱՄՆ դրոշը ոտնատակ տալուց հրաժարվելը: Համապատասխան գրառում է հայտնվել նրա Twitter-ի էջում:

«Վաու: Հիանալի իրանցի ցուցարարները հրաժարվել են ոտնատակ տալ կամ որևէ կերպ անարգել մեր Ամերիկյան Մեծ Դրոշը: Այն նկարել են փողոցում, որպեսզի ցուցարարները քայլեն դրա վրայով, բայց նրանք շրջանցել են այն: Մեծ առաջընթաց»,- գրել է նախագահը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում մայթին նկարել են Միացյալ Նահանգների և Իսրայելի դրոշները, որպեսզի ցուցարարները քայլեն դրանց վրայով: Սակայն, երիտասարդների մեծ մասը հրաժարվել է այդ քայլից:

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ջոկատի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին:

Իրաքում նրան ոչնչացնելու գործողությունն իրականացրել են ԱՄՆ-ի զինված ուժերը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:

Ի պատասխան գեներալի սպանության, Իրանը հունվարի լույս 8-ի գիշերը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաները: Նույն օրվա առավոտյան իրանցի զինվորականները սխալմամբ խոցել են ուկրաինական ուղևորատար ինքնաթիռը, զոհվել է 176 մարդ: Մեղքի ճանաչումից հետո երկրում վերսկսվել են բողոքի ցույցերը, որի մասնակիցները երկրի իշխանությունների մեղադրում են այն բանում, որ թեհրանը երեք օր թաքցրել է ինքնաթիռի կործանմանն իր մասնակցությունը: