Դեկտեմբերին գրանցվել է սակագների 1.1% հավելաճ


11:34 , 13 հունվար, 2020

Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. դեկտեմբերին 2018թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սակագների 1.1%, իսկ 2019թ. նոյեմբերի համեմատ՝ 0.2% հավելաճ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մարդատար տրանսպորտի ծառայությունների սակագներն աճել են 0.3%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների 0.9% հավելաճով), հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը՝ 2.6%-ով:

Դրան զուգընթաց, հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 2.2%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններինը՝ 0.1%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կապի, կրթության, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների, սպասարկման ծառայությունների (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ), իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.4% հավելաճ, այդ թվում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Գյումրիում: Մայրաքաղաքում մատուցված ծառայությունների սակագներն աճել են 0.2%-ով: