Կայացավ նորընտիր պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշայանի անդրանիկ պատարագը


05:30 , 13 հունվար, 2020

Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում կայացավ նորընտիր պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշայանի անդրանիկ պատարագը: Իր առաջին պատգամով պատրիարքը Սուրբ ծննդյան ավետիստը տվեց՝ երախտագիտություն հայտնելով հավաքվածներին այս հիշարժան օրը իր հետ կիսելու համար:

Հարյուրավոր հավատացյալներ ողջունեցին պատրիարքին՝ ստանալով նրա հայրական օրհնությունը: Պատարագի ժամանակ Պոլսո Սահակ Երկրորդ պատրիարքի անունը առաջին անգամ հիշատակվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսի և Երուսաղեմի պատրիարքի անունների հետ միասին: Նախօրեին աթոռանիստ եկեղեցին կրկին մարդաշատ էր Պոլսո Հայոց պատրիարքի գահակալման արարողության առիթով:

Հանդիսությանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների ներկայացուցիչները, կաթոլիկ և հայ կաթոլիկ համայնքների առաջնորդները, Հունաց պատրիարքը, հրեական համայնքի կրոնապետը, ասորական կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հովվապետերը, Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, հյուրեր:

Մաշալյան սրբազանը թափորի ուղեկցությամբ հանդիսավոր կերպով մտավ մայր եկեղեցի: Այնուհետև տեղի ունեցավ նրա երդման արարողությունը և ասայի՝ պատրիարքական գավազանի հանձնումը: Գահակալման հանդիսության ժամանակ կաթողիկոսական կոնդակով Սահակ Մաշալյանին շնորհվեց արքեպիսկոպոսի աստիճան: Գահակալման արարողությունից հետո տեղի ունեցավ ընդունելություն, ներկաները շնորհավորեցին ու հաջողություն մաղթեցին պատրիարքին իր ծառայության մեջ: Սահակ Երկրորդ պատրիարքը հավաքվածներին հուշադրամներ բաժանեց:

12 տարվա սպասումից հետո դեկտեմբերի 11-ին Սահակ Մաշալյանը հոգևոր ու աշխարհական պատվիրակներից կազմված Ազգային պատգամավորական ժողովի կողմից ընտրվել էր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք: