Հայտնի են դարձել տասնամյակի ամենավաճառվող վինիլային ալբոմները


01:41 , 13 հունվար, 2020

Հայտնի են դարձել, թե որ վինիլային սկավառակներն են առավել մեծ ժողովրդականություն վայելել անցած տասնամյակում: Այդ մասին հայտնել է Consequence Of Sound մասնագիտացած հրատարակությունը:

Ամենավաճառվողների ցուցակում առաջատար դիրքեր ունեն անցած տարիների ձայնագրությունները: Այսպես, միայն մեկ ստուդիական ալբոմ է, որը թողարկվել է 2010 թվականից հետո, այն է՝ Լանա Դել Ռեյի «Born to die»-ը, հայտնվել տասնյակում, ճիշտ է, ամենավերջին տեղում:

Ցուցակում կա եւս մեկ սկավառակ, որը թողարկվել է 2010 թվականից հետո: Խոսքը վերաբերում է «Guardians of the galaxy awesome mix vol.1»-ին՝ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի սաունդթրեքին, այն 376 հազար վաճառված օրինակով հայտնվել է երրորդ տեղում: Առաջատարը The Beatles-ն է, որի «Abbey Road» ալբոմը վերջին տասը տարվա ընթացքում գնել են 558 հազար անգամ: Լիվերպուլյան քառյակը Pink Floyd-ի «The dark side of the moon»-ից առաջ է անցել 200 հազար օրինակով: The Beatles-ը նաեւ յոթերորդ հորիզոնականն է զբաղեցրել «Sgt. pepper’s lonely hearts club band» սկավառակով: Տասնյակում տեղ են գտել նաեւ Մայքլ Ջեքսոնի, Բոբ Մառլիի, էմի Ուայնհաուսի, Մայլզ Դեւիսի եւ Fleetwood Mac-ի աշխատանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: