Ռեստորանների զուգարաններն ու կապիտալիզմի կանոնները


01:41 , 12 հունվար, 2020

Ռեստորանների զուգարանների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մեծ աղմուկ հանեց, սակայն կա մի լուրջ հարց,որը կարծես վրիպեց ուշադրությունից: Այդ հայտարարության ամենաանտրամաբանականն այն էր, որ Փաշինյանը խոսում է բիզնեսներ փակելու, գործարարներին սննկացնելու մասին:

Նախ՝ կապիտալիզմի կանոններով, պետությունն՝ առավել ևս իշխանության ներկայացուցիչն իրավունք չունի, ավելին՝ օրենքով արգելվում է քիթը խոթել գործարարի ծավալած բիզնեսի նյուանսների մեջ: Գործարարն ինքն է որոշում ոսկեզօծ աթոռներ դնել, թե՝ փայտից, ճոխ վարագույրներ կախել իր ռեստորանում, թե առհասարակ ոչինչ չկախել և այսպես շարունակ:

Իշխանությունը կարող է միայն սահմանել որոշ նորմեր,որոնց պետք է հետևի ռեստորանի տերը՝ մաքրություն, անվտագություն և այլն: Օրինակ, եթե ինչ-որ ռեստորանի սեփականատեր որոշի, որ զուգարանակոնքի փոխարեն իր մոտ պետք է թասեր լինեն դրված, միակ բանը, որ կարող է անել պետությունն ու իշխանությունը, պահանջել, որ դրանք լինեն մաքուր և անվտանգ:

Այն, ինչ անում է Փաշինյանը, ոչ այլ ինչ է, քան բիզնեսի վրա անօրինական ճնշման փորձ: Ի վերջո, ոչ ոք իրավունք չունի սննկացնել ինչ-որ մեկին, քանի որ իրեն դուր չի եկել այդ կազմակերպության այս կամ այն մատուցած ծառայությունը: Դրա հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ խլել գործարարից բիզնեսն ու այն յուրայինին տա՞լը, ռեկե՞տը՝ ներկայացնելով դա,թե բա նա չէր կարողանում լավ բիզնես անել, իսկ մեեեեր տիկինը կամ պարոնը լավ բիզնես է անում:

Շատ վտանգավոր գծերին է մոտենում արդեն Փաշինյանը. կապիտալիստական աշխարհում չի կարելի խաղալ դիկտատուրայի կանոններով՝ առավել ևս, երբ դու դիկտատոր չես: Դա վնասելու է ոչ միայն երկրի ներքին տնտեսական կյանքին, այլ նաև զգալիորեն նվազեցնելու է առանց այն էլ այդքան քիչ օտարերկրյա ներդրումները:

Հ.Գ. Ի դեպ, Ջորջ Սորոսի մոտեցումներն են ժողովրդավարության շղարշի ներքո կերտել զոմբիացված հասարակություն՝դե յուրե ժողովրդավարական, բայց դե ֆակտո դիկտատորական իշխանության ներքո: Հենց այս կեղծ ժողովրդավարական գաղափարների համար է, որ նույն Սորոսին աշխարհի մի շարք երկրներում չեն թողնում ներթափանցել իրենց տնտեսություն, քանի որ նույնիսկ կապիտալիզմն ունի բարոյականության նորմեր, որոնք Սորոսին և իր գաղափարակիցներին անծանոթ են: