«Դալմա Գարդեն մոլում» ցնցումների պատճառը արտաքին միջամտությունն է՝ մարդկային գործոնը, չափիչ սարքերը դեռ տեղադրված են. ԱԻՆ


13:24 , 10 հունվար, 2020

«Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում չափիչ սարքերը դեռ տեղադրված են, եթե ցնցումները կրկնվեն, հնարավորություն կլինի գրանցել պատճառը: Այս մասին Tert.am-ի հետ զրույց ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը:

«Ինչպես գիտեք, երկրաշարժը բացառել ենք, սեյսմակայունության հետ կապված ևս խնդիր չկա, այդ տարբերակն էլ ենք բացառել: Առկա է արտաքին միջամտություն՝ մարդկային գործոն: Ասենք, կարող է ինչ-որ թրթուրավոր տեխնիկա անցնել, «դռելով» կողքի հարկում աշխատեն, կարող է՝ օդափոխիչները միանգամից միացնեն կամ անջատեն, ամենատարբեր պատճառներ կարող են լինել»,- մանրամասնեց նա:

Նշենք, որ առևտրի կենտրոնն այսօր փակ է: Երեկ հաղորդագրություն էր տարածվել, որ հաճախորդների և աշխատակիցների անվտանգությունից ելնելով՝ այսօր առևտրի կենտրոնը չի աշխատելու:

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 18:40-ին, «Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում էին շենքի և հարակից տարածքների զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով: Աշխատակիցները և հաճախորդները տարհանվել էին: