Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Իրանի ԱԳՆ


10:17 , 10 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Պաշտոնական Թեհրանը հերթական անգամ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամություն է հայտնել:

 Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Սեյիդ Աբբաս Արաքչին այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե «Ադրբեջանը և Հայաստանը Իրանին առաջարկեն միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցային գործընթացում, ապա իրանական կողմը կընդունի այն և հնարավոր ամեն ինչ կանի ԼՂ հարցը կարգավորելու համար»:

«ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, բանակցութունների միջոցով: Ադրբեջանը և Հայաստանը առայժմ նախըտնտրում են հարցը կարգավորել Մինսկի խմբի միջնորդական ջանքերի շնորհիվ, և մենք հարգում ենք երկու երկրների այդ դիրքորոշումը... Այդուհանդերձ, մենք սպասում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը դիմեն Իրանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդես գալու առաջարկով: Եթե մենք նման առաջարկ ստանանք, ապա հնարավոր բոլոր ջանքերը կգործադրենք ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին:

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում (պատմական Հայաստանի անբաժան մասն էր) տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, կողմ քվեարկեց Ադրբեջանից ամբողջովին անկախանալու օգտին։ Դրանից հետո սկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը (1921 թ-ին հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը ներառվեց Ադրբեջանի կազմի մեջ) Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից յոթ շրջանների նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ