Մի օրենքի ընդունման ոդիսականը, կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը


18:44 , 9 հունվար, 2020

ԱԺ կողմից արդեն ձեզ հայտնի բոլոր խախտումներով երկրորդ ընթերցմամբ «ընդունված» ՍԴ դատավորներին կաշառելու մասին օրենքի նախագիծը ուներ հետևյալ բովանդակությամբ դրույթ.

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամները, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1.-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և
սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Վստահ չեմ, որ որևէ մեկը, կարդալով այս երակարաշունչ նախադասությունը, ի վիճակի է հասկանալու դրա բովանդակությունը: Այն, որ այս օրենքին կողմ քվեարկած մեր «հարգարժան» պատգամավորները հեռու են իրավագիտությունից, վաղուց հանրահայտ փաստ է: Բայց այն, որ նրանք հայոց լեզվով միտք արտահայտող նախադասություն շարադրելու ունակություն էլ չունեն, դա ինձ համար, անկեղծ ասած, նորություն էր:

Չգիտեմ որտեղ՝ Ազգային ժողովում, թե Հանրապետության նախագահի նստավայրում, բարեբախտաբար, դեռ կան հայոց լեզվին տիրապետող մարդիկ, որոնք էլ, չունենալով դրա իրավունքը, այնուամենայնիվ սրբագրել են ԱԺ կողմից ընդունված տեքստը: Արդյունքում տեքստը դարձել է հայեցի, բայց այս դեպքում էլ ինչ-որ մեկը փաստացի յուրացրել է ԱԺ լիազորությունը՝ փոփոխություն կատարելով դրանում:

Հանրապետության նախագահի կողմից ստորագրված օրենքի համապատասխան դրույթը հետևյալն է.

«4.3. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել, սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում (հաշվարկվում) է՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված չափով՝ առանց կենսաթոշակի իրավունքը վերանայելու, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ նախատեսված պահանջը»:

Կուլմինացիային սպասեք երկուշաբթի…