Հարավային Կորեայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակի հարուցած թոքաբորբի առաջին դեպքը


23:00 , 9 հունվար, 2020

Կորեայի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի հարուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը: Հունվարի 9-ին այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հունվարի 8-ին երկրում հոսպիտալացվել է ՉԺՀ-ի 36-ամյա մի քաղաքացուհի, որն ավելի վաղ ժամանել էր Հարավային Կորեա: Պարզվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից մինչև 17-ը նա գտնվել է Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն, Կենտրոնական Չինաստան):

Հիվանդը մեկուսացված է և գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ուհան քաղաքում անհայտ հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին:

Հունվարի 5-ին քաղաքի Առողջապահության գործերի կոմիտեն հայտնել է, որ քաղաքում անհայտ թոքաբորբով ախտահարվածների թիվն աճել է մինչև 59, ևս 163-ը գտնվել են կարանտինում: Վարակման ևս 38 դեպք գրանցվել է Հոնկոնգում և մեկը՝ Սինգապուրում: Չինացի բժիշկներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի նոր մանրէահիմքը, որը հարուցում է հիվանդությունը, որի ախտանիշները նման են թոքաբորբի ախտանիշներին. տենդ, կոկորդի այտուց և ուժեղ հազ: Այն բանի բացահայտ նշաններ, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդու, չեն հայտնաբերվել:

Ենթադրվում է, որ հիվանդացածները կարող էին վարակվել՝ շփում ունենալով կենդանիների և հում ծովամթերքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: