Գործող կառավարությունը չի շեղվել իր սխալ ուղուց


16:55 , 9 հունվար, 2020

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որը փայլուն ցույց է տալիս, որ գործող կառավարությունը չի շեղվել իր սխալ ուղուց, աչքի է ընկնում պրոբլեմների խորքային չիմացությամբ, ընդունում է ծախսատար և անարդյունավետ որոշումներ։ Հիմա՝ հերթով։

Այսօրվա որոշմամբ՝ 2020-ի հուլիսի 1-ից առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ներկայիս 50 և 150 հազարի փոխարեն կդառնա 300 հազար։ Թեև Զառա Բաթոյանի հաշվարկով սա պետբյուջեի վրա կնստի 3.7 մլրդ դրամ, սակայն իմ հաշվարկով 2020-ին այն կկազմի 2.9-3.2 մլրդ դրամ։ Բայց կարևորն այստեղ գումարը չէ։ Կարևորը մոտեցումն է։

Ընդամենը վերջերս հրապարակված «Ժողովրդագրական ժողովածու»-ի տվյալների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում 1-ին և 2-րդ երեխայի խնդիրը սուր չէ։ Բացարձակ թվերը վկայում են, որ, որպես կանոն, ամուսնական զույգերը առաջին երկու երեխաներին ունենում են՝ անկախ պետության հոգածությունից։

Շատ ավելի սուր խնդիր է 3-րդ և հատկապես 4-րդ ու ավելի երեխայի հարցը։ Հետևաբար, դեմոգրաֆիան բարելավել ցանկացող պետությունը պետք է խրախուսի 4-րդ, 5-րդ երեխաների ծնունդը։ Ըստ որում՝ խրախուսանքը չպետք է լինի միանվագ նպաստի տեսքով, այլ պետք է փաթեթավորվի երկարաժամկետ սոցիալական արտոնություններով։

Մյուս կարևոր խնդիրը չծննդաբերող կանայք են։ Իմ շատ կոպիտ հաշվարկներով (շատ-շատ կոպիտ)՝ ռեպրոդուկտիվ շրջանի կանանց 20-25 տոկոսն առհասարակ չի ծննդաբերում, հիմնականում՝ պարտնյոր չունենալու պատճառով։ Դեմոգրաֆիական խնդիրների մասին մտածող պետությունը իր ջանքերը պետք է կենտրոնացներ հենց սրա վրա։ Այստեղ ևս լուծումներ կան։

Երրորդ կարևոր խնդիրը մայրանալու տարիքային շեմի բարձրացումն է, ինչը կրճատում է ռեպրոդուկցիայի շրջանն ու ազդում ծնունդների քանակի վրա։ Այս հարցում ևս լուծումներ կան։

Փոխարենը Զառա Բաթոյանը կրկնում է իր նախկինի՝ Մանե Թանդիլյանի սխալը, ով ևս նախարար դառնալուց հետո որոշեց երկրորդ երեխայի միանվագ նպաստը 50 հազարից դարձնել 150 հազար։ 2018-ին կայացված այս որոշումը, բացի ականջ շոյելուց, ոչինչ չտվեց։ 2019-ին ծնունդների թիվը Հայաստանում, միևնույնն է, նվազեց։

Ըստ այդմ, իրավիճակի բարելավմանը չի օգնի նաև Զառա Բաթոյանի նախաձեռնությունը, որովհետև այն չնչին (համաձայնեք, որ 300 հազարը մի հատ նոր տարվա սեղան ա, ու լուրջ խնդիր դրանով չես լուծի) պրակտիկորեն ոչ մի էֆեկտ չունի, քանզի երկու երեխա այսպես թե այնպես ունենում են։

Հ.Գ. Լուծումների մասին չեմ գրում, որովհետև նախ՝ փող արժե, երկրորդ՝ կարծում եմ, որ գործող կառավարությանը դա ամենևին էլ հետաքրքիր չէ։