Հնարավոր է ուկրաինական ինքնաթիռը խոցել են «Տոր» ԶՀՀ-ով․ նոր վարկած


05:30 , 9 հունվար, 2020

Twitter-ում սկսել է տարածվել մի լուսանկար, որն, իբր, արվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռի վթարի վայրում: Ըստ որոշ լրատվամիջոցների, լուսանկարում, ենթադրաբար, «Տոր» զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռի բեկոր է:

Լուսանկարը նկատել է Bellingcat ինտերնետ-պարբերականի հիմնադիր, բրիտանացի լրագրող Էլիոթ Հիգինսը, որը մասնագիտացած է հետաքննությունների մեջ: Նա նշել է, որ լուսանկարի ծագումը դեռ պետք է ստուգվի, և որ դժվար կլինի պարզել կադրի աղբյուրը՝ հիմնվելով գեոլոկացիայի տվյալների վրա, բայց խոստացել է, որ Bellingcat-ը կստուգի ինքնաթիռի վրա «Տոր» ԶՀՀ-ից հնարավոր հարձակման վարկածը:

Ի դեպ, իրանական բանակն ունի 29 «Տոր-Մ1» ԶՀՀ: Ռուսական այս համալիրների առաքումը Թեհրանին ավարտվել է 2007 թ.-ի հունվարին:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 ինքնաթիռը բռնկվել է օդում և ընկել է Թեհրանի օդանավակայանից թռիչքի մեկնարկից մի քանի րոպե անց: Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են, նրանց մեծ մասը Իրանի և Կանադայի քաղաքացիներ էին: