Կիևը Իրանում ավիաաղետի հաղորդագրությունից հանել է ահաբեկչության բացառմանը վերաբերող բառերը


20:29 , 8 հունվար, 2020

Իրանում Ուկրաինայի դեսպանությունն ուղղում է կատարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության մեջ՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը՝ հաղորդում է RIA Novosti-ն: «Ավիաաղետի պատճառների վերաբերյալ տեղեկատվությունը պարզվում է հանձնաժողովի կողմից: Նախքան հանձնաժողովի որոշումը, վթարի պատճառների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պաշտոնական բնույթ չեն կրում»,- ասված է կառավարության կայքում շտկված հաղորդագրության մեջ:

Հունվարի 8-ին ավելի վաղ Իրանում Ուկրաինայի դեսպանությունը բացառել էր Իրանում ընկած ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչության վարկածը: Ինչպես նշել էին դեսպանությունում, ավիաաղետի պատճառ կարող էին դառնալ շարժիչի հետ կապված խնդիրները: «Նախնական տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է տեխնիկական պատճառներով շարժիչի վթարի հետևանքով: Այժմ ահաբեկչության վարկածը բացառված է»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց: «Բոլորին շատ եմ խնդրում ձեռնպահ մնալ շահարկումներից և աղետի վերաբերյալ չստուգված վարկածներ առաջ քաշելուց մինչև պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումը»,-հունվարի 8-ին գրել է նա իր Telegram-ալիքում: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն՝ ավիավթարի հետևանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: