Թրամփն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սպիտակ տանը Իրանի հարձակումից հետո


12:34 , 8 հունվար, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրաքում ԱՄՆ-ի երկու ավիաբազաների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Սպիտակ տուն են ժամանել Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ղեկավարը հայտարարություններ չի արել, միայն Twitter-ում նշել է, որ «ամեն ինչ կարգին է»:

«Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանից` Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ: Այժմ գնահատվում է տուժածների թիվը և վնասի չափը: Դեռևս ամեն ինչ կարգին է: Ես հայտարարությամբ հանդես կգամ վաղն առավոտյան (ամերիկյան ժամանակով` երեքշաբթի երեկոյան, հայկական ժամանակով` այսօր)»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանական Tasnim գործակալության հաղորդմամբ՝ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ բազային ավելի քան 9 հարված է հասցվել: