«Հրապարակ». ԲՈՀ-ի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ


08:13 , 10 հուլիս, 2013

«Մեր տեղեկություններով, նախօրեին Հանրային խորհրդի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո ՀԽ անդամ, ԲՈՀ-ի արդեն նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ։ Մեզ հասած տեղեկություններով, Ղուկասյանը Սեր– Սարգսյանի հետ քննարկե է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու հրամանը և իր ապագայի հարցը։ Ինքը՝ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում կեսբերան հերքեց, թե առանձնազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ «Հանրային խորհրդի հետ է եղել հանդիպումը, և ես, որպես Հանրային խորհրդի անդամ, պարզապես ներկա եմ եղել այդ հանդիպմանը»,–ասաց Ղուկասյանը։

 Ի դեպ, տեղեկացանք, որ ԲՈՀ-ի նախկին նախագահը չի պատրաստվում դատական կարգով բողոքարվել Աշոտյանի՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանը։ Դատական համակարգին չե՞ք վստահում, թե՞ այլ պատճառներ կան՝ հարցրինք։ «Ոչ, պարզապես բողոքարկելու իմաստ չեմ տեսնում և վերջ, ցանկություն չունեմ»,– ասաց Ղուկասյանը։ Հրամանը չբողոքարկելը ևս խոսում է այն մասին, որ Ղուկասյանն ինչ-որ սպասելիքներ ունի Սերժ Սարգսյանից, կամ գուցե պայմանավորվածություններ են ձեռք բերվել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Երեկ տեղեկացանք նաև, որ ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: