Արցախի հարցում Սուլեյմանիի ունեցած դերակատարությունը չի կարող Հայաստանին կանգնեցնել որևէ ընտրության առաջ. Արմեն Պետրոսյան


19:34 , 7 հունվար, 2020

168.am-ը գրում է․

ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմի նախաձեռնությամբ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարություն կատարած հեռախոսազանգն ունի քարոզչական և դիվանագիտական նրբերանգ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ամերիկաիրանական հարաբերությունների ոչ միայն ռազմական, այլ նաև քարոզչադիվանագիտական շերտերի հետևանք է։

«Այն, որ իրանական կողմի նախաձեռնությամբ տարածաշրջանի բոլոր արտգործնախարարություններ զանգեր են եղել, դա ցույց է տալիս, որ կա նպատակ ոչ միայն ՄԱԿ-ում, Իսլամական համագործակցության կազմակերպություններում, այլ նաև մի շարք այլ երկրներում վեր հանել պրո-իրանական դիրքորոշում՝ դրանով  ի ցույց դնելով այս գործողությունների հետ կապված միջազգային հանրության՝ հակաամերիկյան դիրքորոշումը»,- ասաց Պետրոսյանը։

Ըստ արևելագետի՝ հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հանձնարարությամբ տեղի ունեցած այդ հարձակումը միանշանակ չի ընդունվել ոչ միայն ԱՄՆ վարչակազմում, այլ նաև Ռուսաստանում և Չինաստանում։

«Բավականին զուսպ և հավասարակշռված են նաև Եվրամիության երկրների արձագանքները, իսկ Իրանի բարեկամ բազմաթիվ երկրներ քննադատել են ԱՄՆ-ի գործողությունները»,- ասաց արևելագետը՝ ընդգծելով, որ հենց քարոզչական և դիվանագիտական խողովակներով էլ իրանական կողմին հաջողվում է աշխարհին ցույց տալ, որ ԱՄՆ-ն է աջակցում ահաբեկչությանը, թեև մշտապես փորձել է հերքել այն քննադատությունները, որ հանդիսանում է միջազգային ահաբեկչության աջակից։

Անդրադառնալով Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի դերակատարությանը՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ անկախ այդ դերակատարությունից՝ որևէ մեկն իրավունք չունի և չի կարող Հայաստանին կանգնեցնել հակաամերիկյան որևէ քայլի գնալու ընտրության առաջ։

«Հայաստանն ինչպես՝ ամերիկաիրանական, այնպես էլ՝ տարածաշրջանում ընթացող հակամարտություններում պետք է պահի հնարավորինս հավասարակշռված և չեզոք քաղաքականություն՝ հատկապես, երբ այդ համակարտություններն ուղղակիորեն չեն առնչվում Հայաստանի և Երևանի շահերին»,- ասաց նա։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ իրանական պետական «Շաբաքե-յե խաբար» («Լրատվական ցանց») բազմամիլիոնանոց լսարան ունեցող հեռուստաալիքով իրանցի փորձագետը խոսել է Արցախյան հարցում իրանցի զորահրամանատար Ղասեմ Սուլեյմանիի դերակատարության մասին։

Ըստ նրա՝ այն եղել է Իրանի շահերից բխող, փաստացիորեն հօգուտ հայկական կողմի, քանի որ վտանգ կար, որ «մայրցամաքային» Ադրբեջանը կարող է ցամաքային կապով միանալ Նախիջևանին և ստեղծել պանթյուրքական շղթա։

Արմեն Պետրոսյանն իրանաամերիկյան լայնածավալ ռազմական գործողություններ չկանխատեսեց՝ ընդգծելով, որ իրանցի գեներալի սպանությունը կամ, ինչպես ամերիկյան կողմն է ասում՝ «լիկվիդացումը», ներամերիկյան հարաբերություններում կօգտագործվի քարոզչական նպատակով՝ ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում։

«Նման քայլով ԱՄՆ-ը փորձելու է իր հեղինակությունը բարձրացնել։ Իսկ Ղասիմ Սուլեյմանիի դեմ այս գործողությունը դրվելու է Իսլամական պետության ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադի լիկվիդացման գործողության կողքին։ Հաշվի առնելով  երկու կողմերի հավասարակշռված մոտեցումները ռազմական առճակատման մասով՝ կարծում եմ, որ լայնածավալ  ռազմական գործողություններ չեն լինի, սակայն չի կարելի բացառել երրորդ պետությունների սադրանքների հետևանքով լոկալ ռազմական գործողությունները»,- ասաց արևելագետը։