Ավտովթար՝ Երևան-Սևան ճանապարհին․ 8 տուժածների թվում երկու երեխա կա


12:42 , 7 հունվար, 2020

Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) և «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ.-ն, ուղևորները՝ Զինա Մ.-ն (ծնված 1965 թ.) և Ինգա Ա.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև Դ. և Զ. Մ.-երը տեղափոխվել են Երևանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռիտա Մ.-ն (ծնված 1993 թ.), Անգելինա (ծնված 2013 թ.), Աննա (ծնված 2012 թ.), Աիդա (ծնված 1970 թ.) և Ահարոն (ծնված 1968 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բժիշկները Դավիթ և Զինա Մ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա.-ի, Ռիտա Մ.-ի, Անգելինա, Աննա և Ահարոն Գ.-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ.-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: