Իրանն ԱՄՆ-ին «երկրորդ Վիետնամ» է խոստացել Սոլեյմանիի սպանության համար


23:15 , 6 հունվար, 2020

Իրանը Միացյալ Նահանգներին «երկրորդ Վիետնամ» է խոստացել, եթե Վաշինգտոնը չհեռացնի իր զորքերը Մերձավոր Արևելքից: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ամերիկացիների կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ, հայտնում է Al-Alam հեռուստաալիքը:

Նա բացատրել է, որ Սոլեյմանին առանցքային գործիչ էր Ռուսաստանի հետ համագործակցության հարցում և մեծ հարգանք ուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Իրանի ներկայացուցիչը հիշեցրել է նաև Մոսկվայի և Պեկինի հետ համատեղ զորավարժությունները, որոնք նա որակել է որպես կարևոր արձագանք տարածաշրջանում ԱՄՆ գործողություններին:

«Ամերիկացիները ծայրահող հիմարություն են արել և այժմ պետք է լքեն տարածաշրջանը, եթե «երկրորդ Վիետնամ» չեն ցանկանում»,- շեշտել է Վելայաթին՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները միշտ պարտություն է կրել Իրանից և նրա դաշնակիցներից: