2019-ը բարդ որոշումների, մարտահրավերների, նաև՝ հաջողությունների ու ձեռքբերումների տարի. Աշոտ Ղուլյան


19:37 , 31 դեկտեմբեր, 2019

 Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2019 թվականը եղել է բարդ որոշումների, մարտահրավերների, բայց նաև հաջողությունների ու ձեռքբերումների տարի: Եվ չնայած 2020 թվականին սպասվող մարտահրավերները պակաս լուրջ ու պատասխանատու չեն, այնուամենայնիվ, համոզված եմ, որ մենք ունենք անհրաժեշտ կամք ու վճռականություն՝ դիմակայելու դրանց և պատվով անցնելու այս չափազանց կարևոր ժամանակաշրջանը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել և շնորհավորել ուսուցչին, զինվորականին, բժշկին, հողի մշակին, գիտնականին և ազգանվեր աշխատանք կատարող բոլոր այն մարդկանց, ովքեր հնարավոր են դարձնում Արցախի և Հայաստանի կայուն զարգացումն ու անվտանգ, ապահով ապագան:

Մեր ժողովուրդը միշտ առանձնացել է իր միասնականությամբ և բարի ավանդույթների պահպանմամբ, ուստի վստահ եմ, որ գալիք 2020 թվականին և հետագա բոլոր տարիներին մենք կշարունակենք աշխատել ավելի մեծ ոգևորությամբ ու նվիրվածությամբ՝ հանուն ազատ, բարեկեցիկ ու զարգացած հայրենիքի:

Այստեղից՝ Արցախից, ես իմ ընտանիքի հետ միանում եմ նոր տարին նշող միլիոնավոր մեր հայրենակիցների և մեզ բարեկամ ժողովուրդների բարեմաղթանքներին և ցանկանում, որ գալիք 2020 թվականը յուրաքանչյուրիս համար լինի թարմ գաղափարների, առողջության ու երջանկության տարի, իսկ մեր սիրելի հայրենիքի համար՝ խաղաղության, տնտեսական առաջընթացի, և համազգային ծրագրերի իրականացման տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: