10 կարևոր կանոն Եվրոպայում ճանապարհորդելու համար


15:51 , 31 դեկտեմբեր, 2019

The Points Guy պարբերականի փորձագետները կազմել են տասը կանոններից բաղկացած ցանկ, որոնք պետք կգան Եվրոպայում իրենց հանգիստը պլանավորող ճանապարհորդներին:

Ծառայության մասնագետները խորհուրդ են տալիս նախ համեմատել թռիչքների գները և չտրվել լոուքոսթերներից էժան տոմսեր գնելու գայթակղությանը: Ցածր գները խաբուսիկ են. բյուջետային փոխադրողները լրացուցիչ գումար են գանձում նստատեղի ընտրության, ուղեբեռի կամ ջրի դիմաց:

Երկրորդ կանոնն ասում է, որ չպետք է փորձել ամեն ինչ տեսնել միանգամից: Ցանկալի է մեկ ուղևորության ընթացքում սահմանափակվել մեկ կամ երկու քաղաքով: Այս կերպ հնարավորություն կունենաք մանրակրկիտ ուսումնասիրել ընտրված վայրը և ոչ մի բան բաց չթողնել՝ շտապելու պատճառով: Օրինակ, Փարիզի Լուվր մեկ այցը կարող է մի քանի ժամ տևել:

Փորձագետները խորհուրդ են տալիս ճանապարհորդել գնացքով. սա գեղատեսիլ բնապատկերներով հիանալու լավ հնարավորություն է: Բացի այդ, գնացքի տոմսն ավելի էժան է, քան ինքնաթիռինը:

Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում նաև ճանապարհորդել հասարակական տրանսպորտով: Եվրոպայի որոշ երկրներում շատ անլեգալ տաքսիստներ կան, որոնք հետապնդում և խաբում են ճանապարհորդներին: Չպետք է խուսափել մետրոյից կամ ավտոբուսներից օգտվելուց: Նախ, դա ավելի էժան է և, երկրորդ, հասարակական տրանսպորտով ճանապարհորդելը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ տեղի բնակիչների կենցաղին:

Օգտակար է ճշտել տեղի թանգարանների աշխատանքի ժամերը և նախապես տոմսեր ձեռք բերել: Մասնագետները ուշադրություն են հրավիրում նաև ռեստորանների աշխատանքի կանոններին: Օրինակ, շատ հաստատություններում մատուցողները սեղանին զամբյուղով հաց են դնում, և զբոսաշրջիկը թեկուզ մեկ կտոր ուտելու դեպքում պետք է վճարի դրա համար: Նույն կանոնը վերաբերում է նաև ջրի շշերին:

Ուղևորության ժամանակ չափավոր ծախսելու համար անհրաժեշտ է ստուգել վարկային քարտի միջնորդավճարը արտերկրյա գործարքների դեպքում: Եվ չպետք է մոռանալ ուղևորության ավարտին օդանավակայանում վերադարձնել tax free-ին: