18:02 , 9 հուլիս, 2013Դատական համակարգի՝ կայացած լինելը կրիտիկական է երկրի զարգացման տեսանկյունից: Երբ չկա անկախ դատարան, ու այն կոռուպցված է, երկրի զարգացումը խնդրահարույց է: Հայաստանում չկա անկախ դատարան, ու այն կոռուպցված է:
Երկրում կոռուպցիոն ռիսկերը կարգով աճում են, երբ ադմինիստրատիվ համակարգը հստակ սահմանազատված չէ քաղաքականից (վերջինը՝ նեղ ընկալումով): Հայաստանում այս սահմանազատումը զուտ մասնակի է իրացված և դրանով իսկ արդյունավետ չէ:
Այս երկու արատները գործնականում բացառում են զարգացումը, բայց կարճաժամկետ հեռանկարով, քանի որ դրանք անմիջական ազդեցություն չունեն սոցիալական «մարմնի» կայացման հարցում: Այն, առավել ևս նոր ժամանակաշրջանում, առաջնային է, կայանում է այլ ընթացքների արդյունքում և կայանալով՝ պոտենցիալ ունի փոխել իշխանություն ներկայացնող ինստիտուտները:
Սոցիալական մարմինը աղճատվում է այլ՝ անմիջական ազդեցության արատներով: Դրանց շարքում.
- քվազիակտիվիզմը, որ այժմ արտահայտվում է պատվիրված ու վճարովի ակտիվիզմով (հետո կարող է այլ արտահայտություն ունենալ, իհարկե)
- կոռուպցված ժուռնալիստիկան (ուշադրություն՝ ժուռնալիստիկան ես տարանջատում եմ զանգվածային լրատվություն հասկացությունից)
- սեփական մշակութային ինքնությունների մերժումը՝ մի դեպքում, «անցյալի ստվերների» և մեկ այլ դեպքում, էկլեկտիկ ու չՌեֆլեքսացված նորմերի ու պատկերացումների օգտին:
Հայաստանում կան բոլոր այս արատները ու, որքան էլ պարադոքսալ լինի, մենք այնուամենայնիվ դինամիկ փոխվող համակարգ ենք :)