Ընդդիմությունը պահանջում է գործ հարուցել Թբիլիսիի քաղաքագլխի դեմ ամանորյա տոնածառի պատճառով


23:00 , 28 դեկտեմբեր, 2019

«Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները Վրաստանի Գլխավոր դատախազությունում երկու բողոք են գրանցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ. մայրաքաղաքի սակրեբուլոյի (քաղխորհրդի) ընդդիմադիր պատգամավորները պահանջում են, որ քննչական գերատեսչությունը ուսումնասիրի նրա գործունեությունը կոռուպցիոն գործարքների առումով, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Դիմումները վերաբերում են քաղաքապետարանի կողմից արված երկու գնումների, որոնցից մեկն արդեն կայացել Է: Խոսքը 304,8 հազար եվրո (մոտավորապես 1 մլն լարի) արժողությամբ Թբիլիսիի գլխավոր ամանորյա եղեւնու մասին Է: Սակրեբուլոյի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլին պնդում Է, որ Առաջին հանրապետության հրապարակում տեղադրված եղեւնու իրական արժեքը տասն անգամ պակաս Է այն գումարից, որը բյուջեից ծախսվել Է այն ձեռք բերելու համար:

«Մեկ միլիոն լարի վճարել են մի եղեւնու համար, որի շուկայական արժեքը, հավանաբար, չի գերազանցում նույնիսկ հարյուր հազարը: Հենց դրա համար Էլ կարեւոր Է, որ դատախազությունը հետաքննի բյուջետային միջոցների ծախսերը»,-հայտարարել Է Խաբեիշվիլին: Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականը դիմավորելու համար 25-մետրանոց եղեւնին ձեռք Է բերել IDO SRL իտալական ընկերությունից:

Պարզվել Է, որ այն միակ ֆիրման Է, որը մասնակցել Է հայտամրցույթին: Կալաձեն անձամբ Է մեկնել Իտալիա՝ ստուգելու գնված եղեւնին եւ ամանորյա լուսավառությունը, որի համար մայրաքաղաքի իշխանությունները ծախսել են եւս շուրջ 525 հազար եվրո: Եղեւնին Թբիլիսիի բնավ ոչ բոլոր բնակիչներին Է դուր եկել: Դեկտեմբերի 25-ին տոնածառի լույսերը վառելու արարողությունից հետո կոնստրուկցիան ինտերնետ-մեմերի թեմա Է դարձել: Սոցցանցերի հազարավոր վրացի օգտատերեր գրել են, որ եղեւնին համարժեք չԷ դրա վրա ծախսված միջոցներին: Պատասխանելով այդ դիտողություններին, Կալաձեն հայտարարել Է, որ անձամբ իրեն եղեւնին շատ Է դուր գալիս: