Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը կերկարաձգվի՞


15:32 , 28 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

ՀՀ քաղաքացիների աշխատանքային գրքույկները լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնելու ժամկետը կավարտվի 2019թ. դեկտեմբերի 30-ին:

Հիշեցնեք՝ դրա համար Կառավարության կողմից ժամկետ էր սահմանվել ոչ ուշ, քան 2020 թվականի հունվարի 1-ը:

Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է երկաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երեք տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով:

Ընդ որում, հաշվի առնելով 2017, 2018թթ. գործատուների կողմից թվայնացման ներկայացված աշխատանքային գրքույկների քանակը, այդ ժամկետը 1 տարով երկարաձգվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքով:

2017, 2018թթ. Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների կողմից տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270.000 աշխատանքային գրքույկ։

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ հավաքագրվել է շուրջ 38 000 գրքույկ, մինչդեռ 2019 թվականի հունվար ամսվա դրությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանի տվյալների համադրությամբ շուրջ 320 000 աշխատող անձ դեռևս չունի տեսաներածված գրքույկ։

Այսպիսով, նախատեսվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարացնել ևս 3 տարքով՝ մինչև 2022 թվականը։

Հայտնում են, որ ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:

Նշենք, որ  168.am-ը նախորդ հրապարակումից հետո մի շարք հարցումներ էր ստացել Հայաստանում ու սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներից։

Նրանց հետաքրքրում էր, թե ո՞ր էլեկտրոնային փոստին կարող են դիմում ուղարկել, որպեսզի պարզեն՝ գործատուի կողմից իրենց աշխատանքային գրքույկը թվայնացվե՞լ է, թե՞ ոչ, արդյո՞ք այս  որոշումը նաև արտերկրում ապրող թոշակառուներին է վերաբերում, եթե՝ այո, ապա ինչպե՞ս գրանցեն փաստաթուղթը, մի քանի տարի չաշխատող մարդիկ դիմե՞ն թվայնացման համար, թե՞ ոչ։

Սոցիալական ապահովության ծառայության կազմակերպությունների և քաղաքացիների հետ  համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ քաղաքացիներն այս հղումով կարող են դիմում լրացնել՝ նշելով անձնագրի սերիա-համարը, ՀԾՀ (սոցքարտ) համարը, որպեսզի ճշտեն՝ աշխատանքային գրքույկը թվայնացվա՞ծ է, թե՞ ոչ: Սակայն, ըստ նրա՝ ավելի լավ է՝ դիմեն այն դեպքում, երբ, օրինակ, գործատուի հետ խնդիր կա, կամ չեն հիշում՝ ներկայացրե՞լ են թվայնացման, թե՞ ոչ։

Չաշխատող անձը, ով ունի աշխատանքային գրքույկ, կարող է ինքնուրույն ներկայացնել, իսկ, եթե ՀՀ-ից  դուրս են գտնվում, ապա կարող են ներկայացնել լիազորագրով՝ այլ անձի միջոցով։