Թրամփը կատակել է, թե իրեն Կանադայում «կտրել են» «Մենակ տանը-2»-ից Թրյուդոյի պատճառով


22:00 , 27 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե իր մասնակցությամբ կադրը «Մենակ տանը 2» ֆիլմում Կանադայում կտրել են երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատճառով։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ Թրամփը ենթադրել է, որ իրեն հանել են ֆիլմից այն պատճառով, որ նա ստիպում է Թրյուդոյին վճարել առևտրի և ՆԱՏՕ-ի համար։

«Ենթադրում եմ, որ Ջասթին Թ․-ին դա առանձնապես դուր չի գալիս»,- գրել է Թրամփը և ավելացրել, որ դա կատակ է։

Ավելի վաղ Twitter-ի օգտատերերը գրել էին, որ Թրամփի հետ տեսարանը, որտեղ նա քայլում է Նյու-Յորքի Plaza հյուրանոցով և հանդիպում է դերասան Մաքոլեյ Քալքինի կերպարին՝ Քևին Մաքկալիսթերին, չի հայտնվել ֆիլմի կանադական տարբերակում։ Հեռարձակողը խոստովանել էր, որ կտրել է այդ տեսարանը եթերային ժամանակը խնայելու համար։