Արսեն Թորոսյանը չի կարողանում ձերբազատվել քննադատություններից


13:06 , 25 դեկտեմբեր, 2019
2019 թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 171 հոդված, որոնցից 62-ը եղել է բացասական, 23-ը՝ դրական, 86-ը՝ չեզոք։
ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը տևական ժամանակ է՝ չի կարողանում ձերբազատվել քննադատություններից, իսկ քննադատությունների համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանի շատ նախաձեռնություններ չեն ընդունում անգամ սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչները։
Ըստ հրապարակումներից մեկի՝ դեկտեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել Արտյոմ Սմբատյանը։ Ըստ լուրերի՝ Սմբատյանը նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն ու մտերիմն է։ Նշվում է, որ Արսեն Թորոսյանը դեռևս այս տարվա մարտին նրան նախարարության աշխատակազմի ղեկավարի-գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցով դիմել էր վարչապետին։ Հրապարակման մեջ ասված է, որ Սմբատյանն այդ պաշտոնում նշանակվել և պաշտոնավարել է օրենքի խախտմամբ, քանի որ չի համապատասխանել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնի համար նախատեսված պահանջներին։
Շարունակում է քննադատության արժանանալ Արսեն Թորոսյանի՝ 6 տոկոս հարկատեսակի մասին առաջարկը։ Մասնագետներն ու հասարակական գործիչները նշում են, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Այդ մտքի հետ համաձայն են նաև «Իմ քայլ»-ից մի քանի պատգամավորներ: Բացի այդ՝ նշվում է, որ դա սոցիալական արդարության սկզբունքից դուրս է։
Նարեկ Սամսոնյանը 101 փաստ է հրապարակել։ Փաստերից մեկում ասված է. «Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասամբ համալրված է «զինվորական ծառայության համար անպիտան ճանաչված» կամ զինվորական ծառայությունից խուսափած մարդկանցով։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և մյուսների՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին մամուլում եղած փաստերը շարունակում են մնալ չհերքված կամ մինչև վերջ չպարզաբանված։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 65 տղամարդ պատգամավորից 29-ը ազատված է պարտադիր զինծառայությունից»։
Արսեն Թորոսյանին մեղադրում են նաև նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ կապ ունենալու և նրա հետ գործարքի մեջ լինելու համար։ Ըստ Մարինա Խաչատրյանի. «Վերջերս՝ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Մահաբեր ընտրություն» գրքի շնորհանդեսը, որտեղ նշվում է, որ այն մարդիկ, որոնք չեն ցանկանում իրենց երեխաները պատվաստվեն կամ հակապատվաստումային քարոզ են անում, այդ մարդիկ հանցագործներ են և այլն։ Գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, այսինքն՝ այս գրքի հովանավորչությունը նաև իրականացնում է Լևոն Ալթունյանը։ Մի քանի օր առաջ հրապարակում եղավ, Արսեն Թորոսյանն ու Լևոն Ալթունյանը միասին էին։ Արսեն Թորոսյանն ինձ դատի է տվել այն բանի համար, որ ես իրեն անվանել են Սերժի Հայաստանի տարր։ Պրն Թորոսյան, ինչի՞ համար եմ Ձեզ այդպես անվանել, փաստեր եմ ներկայացնելու դատարան»։