«5-րդ ալիք»-ի սեփականատիրոջ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը տպավորություն է թողնում, որ «իրավական» գործիքակազմով փորձում են ներազդել նրա վրա՝ թիրախ ունենալով լրատվամիջոցը. հայտարարություն
13:00 , 25 դեկտեմբեր, 2019
«Քառյակ մեդիա»-ի հիմնադիրներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադարձել են «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդմանը։ Հայտարարությունում ասվում է.
«Անկախ ԶԼՄ-ի սեփականատիրոջ հանրային դիրքն այնպիսին է, որ չկայացած ժողովրդավարություններում ցանկացած քաղաքական իշխանություն կարող է գայթակղություն ունենալ «իրավական» գործիքակազմով ներազդել այդ անձանց վրա՝ իրական թիրախ ունենալով բուն լրատվամիջոցը:
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման մասին լուրերը, առնվազն, նման տպավորություն են թողնում։ Հանրային իշխանությունների կողմից լրատվամիջոցների ազատությունը խոչընդոտող կամ այն կասկածի տակ դնող որևէ գործողություն դատապարտելի է և պիտի արժանանա հանրության աներկբա դիմադրությանը»:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով քրեական գործի շրջանակներում հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը, նա դեռ կասկածյալի կարգավիճակ ունի: